նորություններ | Հասարակություն | Քաղաքականություն

ԱՄՆ-ն և Լեհաստանը իրենց քաղաքացիներին կոչ են անում չճամփորդել Հայաստան ու Արցախ․ ո՞րն է պատճառը

Մայիսի 18-ին ԱՄՆ պետդեպարտամենտը թարմացրել է դեպի Հայաստան ճամփորդական խորհրդատվությունը ու խորհուրդ է տալիս չայցելել Հայաստան՝ նախազգուշացումը բարձրացնելով ամենաբարձր՝ 4-րդ մակարդակ։ 

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) COVID-19-ի պատճառով թողարկել է 4-րդ մակարդակի ճանապարհորդական առողջության ծանուցում Հայաստանի համար, ինչը վկայում է երկրում COVID-19-ի շատ բարձր մակարդակի մասին:

Կան սահմանափակումներ, որոնք ազդում են ԱՄՆ քաղաքացու Հայաստան մուտքի վրա:  Մի ճանապարհորդեք դեպի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան և հարակից տարածքները` վերջին ռազմական բախումների պատճառով: 

2020թ-ի աշնանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության ինտենսիվ մարտերից հետո, շարունակվում են միջադեպեր գրանցվել: ԱՄՆ կառավարությունը ի վիճակի չէ արտակարգ ծառայություններ մատուցել Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին, քանի որ մուտքը սահմանափակ է։ 

Զգուշացեք Հայաստանի հետ Ադրբեջանի սահմանին մոտ գտնվող ճանապարհներից: Տեղյակ եղեք, որ ճանապարհի որոշ հատվածներ կարող են հատել միջազգային սահմանները՝ առանց նախազգուշացման: Ճանապարհները կարող են վերահսկվել անցակետերով կամ փակվել ճանապարհորդների համար՝ առանց նախազգուշացման»,- ասվում է զգուշացման մեջ։ 

Ադրբեջանի ճամփորդական զգուշացումը ևս 4-րդ աստիճան է՝ կարմիր, ու խորհուրդ է տրվում կրկին չճամփորդել Ադրբեջան՝ COVID-19-ի ու նաև ահաբեկչության հետ կապված մտահոգությունների պատճառով։

Հավելենք, որ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային գոտիներում տեղի ունեցող իրադարձությունների, Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի հետ կապված` Երևանում Լեհաստանի դեսպանատունը իր քաղաքացիներին կոչ է անում խուսափել Հայաստանի հետևյալ շրջաններ այցելություններից` Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր և Սյունիք:

«Զգույշ եղեք և հետևեք տեղական իշխանությունների հրահանգներին»,-ասվում է դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ:

Similar Posts