նորություններ | Իրադարձություններ | Հասարակություն

Այսօր Մամուլի ազատության միջազգային օրն է

Այս օրը՝ Մայիսի 3-ը Մամուլի ազատության միջազգային օրն է: 

1993 թվականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հատուկ բանաձևով մայիսի 3-ը հռչակել է Մամուլի ազատության միջազգային օր:  Այդ որոշումը կայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի ընթացքում, որը 1991-ի «Աշխարհում մամուլի ազատության խթանման մասին» որոշմամբ ճանաչեց, որ ազատ, բազմակարծիք և անկախ մամուլը դեմոկրատական հասարակության անհրաժեշտ բաղադրիչներից է:

Գլխավոր համաժողովը ՄԱԿ-ին փոխանցեց մայիսի 3-ը մամուլի ազատության միջազգային օր հայտարարելու մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ-պետությունների ցանկությունը: Մամուլի ազատության համաշխարհային օրը կոչված է հիշեցնելու միջազգային հանրությանն այն մասին, որ մամուլի և կարծիք արտահայտելու ազատությունը հիմնարար ազատություններ են, որոնք ամրագրված են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում: 

ՀՀ-ում խոսքի և մամուլի ազատությունն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամ 27-րդ հոդվածով. «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն: Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը՝ տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից: Լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է։

Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային ռադիոյի և հեռուստատեսության առկայությունը և գործունեությունը»։

Armenia.IM-ը շնորհավորում է չորրորդ իշխանության բոլոր ներկայացուցիչներին և մաղթում բարեխիղճ ու առանց խոչընդոտ աշխատանք։

Similar Posts