նորություններ | Իրադարձություններ | Հասարակություն | Քաղաքականություն

Այս ընտրությունները պետք է լինեն Մարդու՛ համար, ոչ թե զուտ մարդկանց ընտրություն

Ներքաղաքական ձայնավարժությունների, բաղաձայն, նույնիսկ տաղանդավոր ու գրավիչ ձայնարկումների ամբողջ իմաստը նախանշված ԳԱԼԱ ՀԱՄԵՐԳՆ է, որ անվանում ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Իշխանությունը՝ Փաշինյանի շուրթերով առաջարկեց դրանք անցկացնել այս տարվա Հունիսի 20-ին, «առանց Նիկոլ» գոչող ընդդիմությունը համաձայնեց, իսկ ավելի ուշ հայտարարեց, թե ինչ ձևաչափով է մասնակցելու։

Թեպետ դեռ բազում հարցականներ կան՝ գործող վարչակազմի ու հատկապես Փաշինյանի դեմ պայքարող քաղաքական ուժերն ինչո՞ւ ինտեգրվեցին նրա պայմաններին և օրակարգին։

Ողջամիտ կարող է թվալ այն, որ չմասնակցելով ընտրություններին՝ ընդդիմությունը լրացուցիչ հնարավորություն է տալիս իշխանությանը վերարտադրվելու համար։ Մյուս կողմից, տրամաբանական է վարկածը, թե մասնակցությամբ լեգիտիմացվում են ընտրությունները, ուրեմն նաև՝ այսպես կոչված «կապիտուլյանտ», «դավաճան» և «հողատու» հորջորվող իշխանությունների պահանջը։

Քաղաքական ֆարս է ստացվում, որից գլուխ կհանեն միայն իրենք՝ մեկնարկած մեծ պարտիայի բոլոր ֆիգուրները։ Քաղաքականությունը, դասական կանոններով, հնարավորությունների արվեստ է, այնպես որ, ոչինչ բացառել կամ պնդել պետք չէ։

Գլխավոր հարցն այն է, որ մեր երկրում ընտրական և ընդհանրապես բոլոր գործընթացները չեն բխել թիվ մեկ կապիտալի, արժեքի՝ ՀԱՅ ՄԱՐԴՈՒ շահերից։ Ասվել, շարադրվել են գեղեցիկ տեքստեր, խոստումներ, օրինագծեր, կոնվենցիաներ, բայց դրանք եղել են տեսական, ընթացիկ ու եսասիրական։

Մինչդեռ բոլոր ընտրությունները պետք է լինեն Մարդու՛ մասին, Մարդու՛ համար, ոչ թե զուտ մարդկանց մասնակցությամբ կամ որևէ մարդու օգտին։ Համազգային օրակարգը պահանջում է մարդակենտրոն ու պետականաշահ մոտեցում, որովհետև ոչ մի իշխանություն կամ ընդդիմություն, ոչ մի կառույց ու երևույթ հավերժ չեն, եթե մարդուն հանում ենք այդ ամբողջ գործընթացից։

Ամբոխի մեջ պետք է տեսնել Անհատին, Հերոսին, Ուսուցչին, ցանկացած մասնագիտության տեր մարդուն, որովհետև Մարդկությունը ոչ թե սոսկ մարդկանց, հասարակությունների ու պետությունների հանրագումար է, այլ Մարդկային բարձր արժեքների ու դրանց վրա հիմնված գոյակցության ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆ․․․․

Մեր ընտրությունը կատարենք այս լույսի ներքո և այս գաղափարախոսության կրողներին գերադասելով։

Similar Posts