նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

Անկարան հիստերիայի մեջ է․ի՞նչ սպասել Հայոց Ցեղասպանության մասին Բայդենի հայտարարությունից հետո

Անկարան կպատասխանի Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի սկզբին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որոշմանը:

Այդ մասին հեղինակավոր Reuters գործակալությանը տված հարցազրույցում նշել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ և խորհրդական Իբրահիմ Քալինը։

Նրա խոսքով, առաջիկա օրերին և ամիսներին կլինեն տարբեր ձևերի, տեսակների և աստիճանի արձագանքներ։

Էրդողանի խոսնակը «վրդովեցուցիչ» է համարել ԱՄՆ իշխանությունների որոշումը։

Միևնույն ժամանակ, նա չի հստակեցրել, թե Անկարան արդյո՞ք կսահմանափակի ԱՄՆ մուտքը Թուրքիայի հարավում գտնվող «Ինջիրլիք» ավիաբազա, որն օգտագործվում է միջազգային հակաահաբեկչական կոալիցիային աջակցելու համար:

Հիշեցնենք, որ ապրիլքսանչորսյան ավանդական ուղերձում ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը մեկնաբանելով օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները՝ դրանք ցեղասպանություն էր որակել։ Այդ պատմական ձևակերպումը մեծ ոգևորություն է առաջացրել հայության շրջանում, և մեծ դժգոհություն՝ Թուրքիայի ու թուրքական շրջանակներում։

Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ պատմությունը բառերով նորից չեն կերտում։
Ավելի վաղ, այդ երկրի Պաշտպանության նախարարը խոսել էր հայ-թուրքական երբեմնի բարեկամության մասին, նախագահ Էրդողանը ևս հիշեցրել էր, որ հայերն ու թուրքերը համերաշխ ապրել են կողք-կողքի։

Բնական է, որ Ցեղասպանության 106-րդ տարելիցին ընդառաջ թուրքական դիվանագիտությունը կրկին ակտիվացել է՝ իհարկե՛, առաջին հերթին իրենց շահը պաշտպանելու և ջրից չոր դուրս գալու նպատակով։

Ի դեպ, թուրքական լոբբինգի համատեքստում, ուշագրավ վերլուծություն է հրապարակել քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը։

Նա, մասնավորապես, գրում է. 

«Թուրքերի առևտրային շրջանառության մասին վիճակագրությունը Ցեղասպանությունը դատապարտած և կամ ճանաչած պետությունների հետ.  Բելգիա՝ ճանաչում՝ 1998, 174 տոկոս աճ, Կանադա՝ 2004՝ 148 տոկոս, Իտալիա և Լիբանան՝ 2000 թվական՝ 126 տոկոս, Ֆրանսիա՝ 2001, 257 տոկոս, Սլովենիա՝ 2004՝ 298 տոկոս, Հունաստան՝ 1995՝ 399 տոկոս, Ռուսաստան՝ 1995՝ 912 տոկոս, և այլն։

Փաստ է, որ Ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած երկրների հետ թուրքերը խորացնում են առևտրատնտեսային հարաբերությունները։ Ռուսների հետ վիճակագրությունը նայեք ուղղակի։ 

Մենք պետական մեքենան վերակազմակերպելու և իսկապես սուվերեն լուրջ պետություն դառնալու խնդիր ունենք։

Հայ֊թուրքական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարը ներկայում միանշանակ կանխատեսելի է՝ մեզ թուրքական տնտեսական էքսպանսիա է սպասում՝ Ցեղասպանության հարցի էրդողանական լուծումը»,-գրում է Բալյանը։

Ներսես Հարությունյան

Similar Posts