«Բաքուն էթնիկ հիմքով մարդասպանություն է կատարում»․ ՄԻՊ-ը ծանրակշիռ փաստեր ունի
Այսօր՝ Մարտի 5-ին կայացել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մամուլի ասուլիսը, որի շրջանակում բանախոսն անդրադարձել է Հայաստանին, Արցախին և ամբողջ հայությանը հուզող բազմապիսի խնդիրների:
«Սահմանային խնդիրները կարգավորելիս առաջնային պայման են մարդու իրավունքները»,-լրագրողների հետ զրույցում նշել է Թաթոյանն ու ընդգծել, որ «միջազգային սկզբունքներից են պարտադիր կիրառման ենթակա՝ հարգանք սահմանային բնակիչների ու նրանց պաշտպանվածության նկատմամբ, սահմանային բնակիչների բնակականոն կյանքի ապահովում, անվտանգություն և խաղաղություն, բավարար տեղեկություններ»։
Նա մտահոգություն է հնչեցրել, որ Սյունիքում և Գեղարքունիքում կան մարդկային արժանապատվության կոպիտ խախտումներ, և կյանքի իրավունքի իրավական վտանգներ:
«Սյունիքում և Գեղարքունիքում կան մարդկային արժանապատվության կոպիտ ոտնահարումներ, կյանքի իրավունքի իրական վտանգներ, դուք տեսաք՝ ինչ կրակոցներ են լսվում Սյունիքի անմիջական հարևանությամբ, ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիության իրավունքի կոպիտ խախտումներ, օրինակ՝ Ներքին Հանդ գյուղը, Շուռնուխը, Որոտանը, ոչ-ոք չի փորձում հասկանալ՝ ինչ վիճակում են այնտեղի երեխաները, արդյո՞ք որևէ մեկը կարող է ասել, որ սա երեխաների համար կյանքի լավագույն պայմաններն են»,- հայտարարել է Արման Թաթոյանը։
Բացի այդ, ըստ ՀՀ ՄԻՊ-ի, առկա են սեփականության իրավունքի կոպիտ խախտումներ, մարդիկ չեն կարողանում իրենց օրինական փաստաթղթերը ձեռքին բնակվել իրենց տանը, քանի որ կան մի շարք խնդիրներ:
«Առկա են սեփականության իրավունքի կոպիտ խախտումներ, օրինակ՝ մարդիկ օրինական փաստաթղթերը ձեռքներին չեն կարողանում օգտվել իրենց սեփականությունը հանդիսացող տարածքներից, քանի որ դրանք ադրբեջանական են, իսկ մյուս իրավիճակը՝ կան հողեր և տներ, որոնք գտնվում են ուղիղ նշանառության տակ, և մարդիկ պարզապես չեն կարողանում այ հողերն օգտագործել, կրակոցներ են արձակվում»,- նշել է Արման Թաթոյանը։
«Այս պայմաններում դուք պատկերացնո՞ւմ եք խաղաղ գոյակցություն, բա ընթացիկ հոգեկան տառապանքնե՞րը, և նրանք արհեստական ձևով ձգձգում են գերիների հարցը և սա նույնպես հոգեկան բռնության ձև է, տեսեք՝ ինչքան է այս հարցը ազդում հայկական ներքին կարգավիճակի վրա, այս պայմաններում խաղաղ գոյակցություն հնարավոր չէ, նրանք նվաստացնում են մեր արժանապատվությունը ամեն օր»,- հայտարարել է մարդու իրավունքների պաշտպանը։
Թաթոյանի բնորոշմամբ, հայատյացությունը կարևոր ցուցիչ է այն մասին, որ խաղաղ գոյակցությունն անհնար է Ադրբեջանի հետ, քանի որ Բաքուն էթնիկ հիմքով մարդասպանություն է կատարում:
«Ադրբեջանում գոյություն ունեն էթնիկ հիմքով և դրդապատճառներով պայմանավորված հանցագործություններ հայերի նկատմամբ և սպանություններ հենց առաջին հերթին, և դա հաստատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Հայատյացությունը գեներացվում է բարձրաստիճան քաղաքական ուժերի կողմից՝ նախագահի գլխավորությամբ»,-հայտարարել է Թաթոյանը։
Նա նաև անդրադարձել է գերիների հարցին։
«Մեր գերիներն Ադրբեջանում պահվում են ապօրինաբար: Միջազգային իրավունքի և մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է գերի պահելը՝ ամսաթվով պայմանավորված, քանի որ մենք գործ ունենք ընթացիկ զինված կոնֆլիկտի հետ, և այդ կոնֆլիկտը դեռ չի դադարել։ Եթե կա զինված ընթացիկ հակամարտություն, ապա մենք գործ ունենք գերիների հետ: Այն, ինչ անում է Ադրբեջանը, հակասում է եռակողմ հայտարարությանը»,- շեշտել է Թաթոյանը։