նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

ԵՄ-ն պատրաստ է փորձագիտական գիտելիքներ տրամադրել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցում

Հունիսի 2-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նույն օրը նա հանդիպել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ Եվրոպական խորհրդի կայքում տեղադրված հաղորդագրությունում ասվում է․ «Ադրբեջանի և Հայաստանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի մասին հռչակագրի ամբողջական իրականացումը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային անվտանգության և կայունության համար: ԵՄ-ն պատրաստ է փորձագիտական գիտելիքներ տրամադրել սահմանազատման և սահմանագծման հարցում»։

Եվրամիությունը նաև կոչ է անում երկու կողմերին համագործակցել պահվող անձանց վերադարձնելու և ականապատ դաշտերի ու այլ կարևոր հումանիտար հարցերի նկատմամբ լիակատար թափանցիկություն ապահովելու հարցերում:

«Սակայն այս հրատապ խնդիրների լուծումը միայն առաջին քայլն է կայուն խաղաղ կարգավորման ճանապարհին։ Կոչ ենք անում երկու կողմերին վերսկսել բանակցությունները կառուցողական ոգով։ Եվրամիությունը խորապես շահագրգռված է Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգությամբ, կայունությամբ և բարգավաճմամբ՝ որպես ԵՄ Արևելյան գործընկերության անքակտելի մաս»,- նշված է հաղորդագրությունում։

Similar Posts