նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

«Հայաստանում իշխանության եկան մարդիկ, որոնք հետևողականորեն ոչնչացնում էին բանակի մարտունակությունը». Ռ. Քոչարյանի հարցազրույցը РБК-ին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բացառիկ հարցազրույց է տվել РБК-ին` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմին, Հայաստանի սահմաններին, ինչպես նաև երկրի ներսում ստեղծված իրավիճակներին, գործող իշխանությունների թույլ տված սխալներին:

Լրագրողի խնդրանքով ամփոփելով անցած տարին` Քոչարյանը նշել է, որ իր համար «ամենաողբերգական իրադարձությունը, իհարկե, պատերազմն է և իր համար անսպասելի ու ամոթալի պարտությունը»` ընդգծելով, որ «ներկայում երկիրը պետք է փորձի հաղթահարել հետպատերազմյան համախտանիշը` այդ ամենի միջով անցնելով առանց կոտրվելու և փորձելով գտնել վերածնվելու և առհասարակ գոյության ինչ-որ նոր բանաձև»:

«Հասարակությունը վստահ էր, որ մենք ռազմական գծով գերիշխող ենք, երկիրը հուսալի պաշտպանված է,  Ղարաբաղն ապահով պաշտպանված է: Պատերազմի ամբողջ ընթացքում` 44 օր շարունակ մարդկանց հիմարացնում էին անամոթ քարոզչությամբ առ այն, որ մենք հարձակվում ենք, պաշտպանում ենք մեր դիրքերը և հետո մեկ էլ հանկարծ` միանգամայն այլ իրավիճակ: Եվ այս ամենը մարսելը բավական բարդ է, քանի որ հասարակությունը տարիներ ի վեր վստահ է եղել առ այն, որ մենք անխոցելի ենք և հանկարծ միանգամայն այլ արդյունք է: Սթրեսն իսկապես ահռելի է»,-նշել է Քոչարյանը` ընդգծելով, որ «հետպատերազմյան համախտանիշը միշտ էլ շատ բարդ է, երկար է տևում և հասարակությանը պետք է օգնել հնարավորինս արագ հաղթահարել այն»:

Խոսելով այն մասին, թե ինչու Արցախյան վերջին պատերազմը հնարավոր դարձավ` Քոչարյանը նկատել է, որ «նախևառաջ Ադրբեջանում զգացին Հայաստանի թուլությունը մի շարք պարամետրերով»:

«Հայաստանում իշխանության եկան մարդիկ, որոնք հետևողականորեն ոչնչացնում էին բանակի մարտունակությունը: Հասկանում էին նրանք դա, թե ոչ` ապագայի լուրջ ուսումնասիրման հարց է: Բանակի մեթոդիկ ոչնչացում, պատերազմի (առաջին Արցախյան պատերազմ-Խմբ.) հերոսների բարոյական ոչնչացում, քրեական գործերի շարք, քաղաքական հետապնդումներ, կոռուպցիայի հետ կապված մեղադրանքներ, բանակին, բանակային ծառայությանը վերաբերող շատ բաների վերանայում»,-ասել է Քոչարյանը` շեշտելով, որ իշխանությունների հայտարարած բանակային բարեփոխումները որևէ աղերս չեն ունեցել պաշտպանողականության բարձրացման հետ:

«Երկրորդը հակամարտության ռազմական լուծման լեգիտիմացումն էր: Ըստ էության, հայկական կողմը բանակցային գործընթացն ազգի ինքնորոշման հարթությունից տեղափոխեց տարածքային ամբողջականության հարթություն: Այստեղ ևս հասկանալի չէ` դա արվել է գիտակցաբար, թե անգրագիտության, հմուտ չլինելու հետևանքով: Բայց փաստացի հայտարարելով, որ Ղարաբաղը Հայաստան է և վերջ` նրանք հարցը տեղափոխեցին տարածքային ամբողջականության հարթություն, իսկ դա ագրեսիայի լեգիտիմացում է: Այսինքն Ադրբեջանը վերականգնում է իր տարածքային ամբողջականությունն ու վերջ»,-նշել է երկրորդ նախագահը: 

Ի լրումն Քոչարյանի ասածի լրագրողը ներկայացրել է դիտարկում առ այն, որ պատերազմի օրերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հարցազրույց է վարել և ադրբեջանական կողմից դժգոհություններ է լսել նրա վերաբերյալ, որ նախքան այդ Հայաստանում որևէ ղեկավար իրեն նման հայտարարություն թույլ չէր տվել:

Քոչարյանը հայկական իշխանությունների նման պահվածքը որակել է «հիմարություն»` ընդգծելով, որ «Ղարաբաղի անկախության գաղափարը հիմնված է ազգի ինքնորոշման իրավունքի վրա»:

«Այսինքն նրանք քանդեցին փաստարկների այն հիմքը, որի վրա կառուցված էր Ղարաբաղյան պետությունը: Եվ դա չափազանց կոպիտ սխալ է, ագրեսիայի փաստացի լեգիտիմացում: Կցանկանայի հավելել նաև հասարակության տարանջատումը սևերի և սպիտակների»,-նշել է Քոչարյանը:

Նախկին նախագահի կարծիքով` թշնամական հարևան ունեցող երկրի ղեկավարությունը, գիտակցելով արտաքին սպառնալիքը, պետք է նախևառաջ  վերացնի հասարակության ներքին պառակտումն ու համախմբի այն:

«Մենք ինքներս արեցինք այն, ինչը պետք է ձգտեին անել Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի նկատմամբ…Իմիջիայլոց մենք բավական չմտածված քայլ արեցինք, երբ պաշտպանության նախկին նախարարը հայտարարեց «նոր պատերազմ` նոր տարածքներ» սկզբունքը, ինչը բավական անխոհեմ, էժանագին, պոպուլիստական քայլ էր, որով մենք դրդեցինք Ադրբեջանին Թուրքիային այս գործընթացում ավելի ուժեղ ներգրավելու քայլին»,-ասել է Քոչարյանը:

Երկրորդ նախագահի կարծիքով` «այս գործընթացն ուղեկցողների նպատակը կոտրված Հայաստանն է, այս տարածաշրջանում ռուսական ազդեցությանն ուղղված հարվածը»:

Աղբյուրը ՝ tert.am

Similar Posts