նորություններ | Հայեր | Հասարակություն | Քաղաքականություն

Հայաստանցի – արցախցի․ հին մանիպուլյացիա նոր Հայաստանո՞ւմ․․․


«Տարածվել է տեղեկություն, թե տաքսիստը կոպիտ ձեւով մեքենայից դուրս է հանել Արցախի բարբառով խոսող երկու կնոջ: Շատ պարզ է, որ դրա հիման վրա գեներացվում է հիմա ֆեյսբուքյան մի աղմուկ՝ արցախցիների հանդեպ խտրականության վերաբերյալ»:

Այս մասին գրում է հայտնի լրագրող, վերլուծաբան Հակոբ Բադալյանը և շարունակում․

«Որեւէ կասկած չկա, որ այդ ամենի խորքում, հենքում քաղաքական մոտիվներ են, ներքաղաքական պայքարի արդեն բավական հայտնի թրենդի համատեքստում՝ խտրական վերաբերմունքը հովանավորվում կամ խթանվում է իշխանությունից, եւ այլն:

Պե՞տք է արդյոք բարձրաձայնել տաքսու դեպքը, եթե այն իսկապես էլ եղել է: Համոզված եմ՝ ոչ: Որովհետեւ, շատ ներողություն, տարբեր բնույթի անասնական եւ խայտառակ դեմքեր եւ դեպքեր կարող են լինել ոչ թե մեկը, երկուսը, այլ տասը, բայց անգամ տասը դեպքը կոնկրետ հարցի պարագայում թույլ չի տա խոսել օրինաչափության մասին: Որովհետեւ օրինաչափությունը հազարավոր հակառակ պատմություններն ու դեպքերն են:

Տվյալ երեւույթի իմաստով, օրինաչափությունն այն է, որ Հայաստանում չկա խտրական վերաբերմունք արցախցիների նկատմամբ: Ավելին ասեմ, շատ արցախցիներ պատերազմի ժամանակ Հայաստան տեղափոխվելով եւ տեսնելով իրենց հանդեպ վերաբերմունքի ջերմությունը, հոգատարությունը, զարմացել էին:

Ինչու՞:

Որովհետեւ նախորդ համակարգի առաջատար դեմքերը Արցախի հանրությանը գոնե փորձել էին համոզել, որ Հայաստանում իրենց չեն վստահում ոչ թե կոռումպացված, գանձագող, հանրության եւ պետության հաշվին անձնական բարեկեցություն դիզող համակարգի առաջատար դեմք լինելու պատճառով, այլ որովհետեւ արցախցի են:

Մարդիկ եկան ու տեսան, որ չկա որեւէ խտրական վերաբերմունք: Չկա անգամ այն դեպքում, երբ տարիներ շարունակ հենց այդ քաղաքական նկատառումներով իշխող համակարգը չի արել Հայաստան-Արցախ հանրային ինտեգրացիայի առավելագույն խորացման համար անհրաժեշտ քայլեր, որովհետեւ այդ «բարիերը» պահելը ունեցել է քաղաքական անհրաժեշտություն՝ խաղաքարտ, որ պետք էր խաղարկել անհրաժեշտ պահերին:

Մի արեք դա, առավել եւս այժմ, երբ մենք չափազանց նուրբ իրավիճակում ենք: Կան բաներ, որոնք չպետք է դառնան քաղաքական հարաբերությունների խաղաքարտ: Մեկ դեպք բարձրաձայնելով դուք հազար տեսակի մարդու՝ գրագետի, կիսագրագետի, անգրագետի, կոպիտի, բռիի, էլ չգիտեմ ում «կարծիք» եք խթանում ֆեյսում, որ հետո օգտագործեք այդ ամենը:

Հակառակը, այսօր պետք է խթանել լիովին այլ տրամադրություն, խթանել լիովին այլ տրենդ՝ ոչ թե խտրականության, այլ խրախուսման, որ Հայաստանի եւ Արցախի «խորը ինտեգրացիան» կենսական անհրաժեշտություն է, ընդ որում նույնիսկ առաջին հերթին հենց հանրային մակարդակում: Դրանով նաեւ պետք է ստեղծել ռեգիոնալ հայկական նոր գործոն: Ըստ այդմ, ֆեյսը պետք է լցվի հակառակ դեպքերով ու պատմություններով, նախաձեռնություններով»:

Հակոբ Բադալյան

Similar Posts