նորություններ | Իրադարձություններ | Մշակույթ

Հայտնի են «Արտավազդ» թատերական 20-րդ մրցանակաբաշխության մրցանակակիրները


Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը։

Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքէջից: 

Հոբելյանական 20-րդ մրցանակաբաշխությունը նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ, մրցանակաբաշխության հիմնադիր Երվանդ Ղազանչյանի հիշատակին:  ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, դիմելով բեմական արվեստի ներկայացուցիչներին և թատրոնի նվիրյալներին, ջերմորեն շնորհավորել է Թատրոնի միջազգային օրվա առթիվ և մաղթել անսպառ լավատեսություն, աննահանջ կամք ու գործի հանդեպ խորին ներշնչանք:

Կարևորելով թատրոնի դերն ու նշանակությունը հանրության կյանքում՝ նախարարը նաև մաղթել է, որ այն շարունակի մարդկային ու մարդասիրական արժեքների, խաղաղության և մարդու հանդեպ հարգանքի հաստատման իր հաղթարշավը: 

«Չկա առավել հմայիչ ու խորհրդավոր ոլորտ, քան մարդու մասին արվեստը: Թատրոնը մարդու հոգևոր և հոգեկան աշխարհների հետազոտման, դրանց ծպտյալ և քողարկված շերտերի բացահայտման ու գեղարվեստորեն ներկայացման իրականությունն է:

Այսօր էլ նաև հանրային տրամադրությունների հաղթահարման, լավատեսության վերականգնման ու նոր ապագայի կերտման հզոր խթան և գործիք է: Մեծ է այսօր ձեր պատասխանատվության չափը, աննախադեպ է ձեր առաքելությունը»,- նշել է նախարարը և վստահություն հայտնել, որ թատրոնի նվիրյալները հետագայում էլ կշարունակեն իրեց գործն այն գիտակցությամբ, ինչպես դա արել է իր կյանքը թատրոնին նվիրած մեծավաստակ վարպետը՝ Երվանդ Ղազանչյանը: 

Մրցանակաբաշխությունն իրականացրել է Հայաստանի թատերական գործիչների միությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի հանրային հեռուստաընկերության աջակցությամբ, Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ:

«Արտավազդ-2020/2021» թատերական մրցանակաբաշխության անվանակարգերում մրցանակների են արժանացել.

Երվանդ Ղազանչյանի անվան հատուկ մրցանակ

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյան

«Լավագույն մանկական ներկայացում»

«Շրջված երազ» – Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն, բեմադրիչ՝ Նարինե Մալյան

«Լավագույն երիտասարդ դերասանուհի»

Հռիփսիմե Նահապետյան – (Ջուլիետ) «Ռոմեո և Ջուլիետ», Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն
Մարիկա Դովլաթբեկյան – (Պոյի ալտեր Էգոյի ալտեր Էգո) «Սև կատուն», «Մետրո» թատրոն

«Լավագույն երիտասարդ դերասան»

Նարեկ Բաղդասարյան – (Կորնյուդե) «Փափլիկը», Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոն

Դավիթ Եղիազարյան – (Գրիմով) «N 6», Աբովյանի դրամատիկական թատրոն

«Լավագույն երիտասարդ բեմադրիչ»

Գոռ Մարգարյան – «12», «Անհատ» թատերախումբ

«Լավագույն երիտասարդական ներկայացում»

«Օնեգին» – Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն, բեմադրիչ` Նորա Գրիգորյան

«Թատերարվեստին անբասիր ծառայության համար»

ՀՀ ժողովրդական արտիստ Իրինա Մարչենկո – Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն

ՀՀ վաստակավոր արտիստ Բորիս Պեպանյան – Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն

ՀՀ ժողովրդական արտիստ Արա Երնջակյան – Երևանի պետական կամերային թատրոն

«Լավագույն պիես»

Սառա Նալբանդյան – «Հաղթանակի գենեզիս»

Similar Posts