նորություններ | Հայեր | Հասարակություն | Քաղաքականություն

Հայ ռազմագերիներ․ինչու՞ են Հայաստանն ու Ադրբեջանը ստում միաժամանակ 

Հայ ռազմագերիների վերադարձի հարցը իսկական գլուխկոտրուկ ու մղձավանջ է դարձել մեզ համար։

Եվ սա այն դեպքում, երբ անասելի է պատերազմի թողած ցավը, անդառնալի են հետևանքներն ու ողբալի․տանուլ ենք տվել պատերազմը, կորցրել ենք հազարավոր լուսավոր հայորդիների, տասնյակ հազարավոր զինվորներ վիրավոր են, բազմաթիվ անհետ կորածներ ու ռազմագերիներ կան, կորցրել ենք Արցախի զգալի մասը, բյուրավոր մարդիկ դարձել են տնազուրկ, տարագիր։

Ռազմագերիների հետ կապված անորոշությունն ու տարակուսանքն ավելի է խորանում Երևանի ու Բաքվի հակասական հայտարարությունների ֆոնին։

Հայաստանը պնդում է, որ շարունակում է զբաղվել հայ ռազմագերիների վերադարձի հարցով, Ադրբեջանում հայտարարում են, որ իրենք փոխանցել են բոլոր ռազմագերիներին։

Տպավորություն է, որ երկու կողմերն էլ ստում են, մեկն ակամայից ու անճարակությունից, մյուսը՝ միտումնավոր ու նենգաբար։

«Հայ ռազմագերիների փոխանցման հարցը լուծված է և փակ»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ Նրա խոսքով, Ադրբեջանը բոլոր ռազմագերիներին հանձնել է Հայաստանին: 

«Մենք ցույց ենք տվել, թե որքան պատասխանատու ենք այդ հարցում։ Բացի այդ, որպեսզի զինվորականները համարվեն ռազմագերիներ, նրանք պետք է գերեվարված լինեն ռազմական գործողությունների ընթացքում: 

Նրանք, ովքեր ավելի ուշ են  ձերբակալվել հակաահաբեկչական գործողությունների ժամանակ, կարելի է անվանել ահաբեկիչ, բայց ոչ ռազմագերիներ»,-ցինիկաբար շեշտել է Ադրբեջանի գլխավոր դիվանագետը։

Զուգահեռաբար, Հայաստանում պաշտոնապես հաստատեցին, որ Ապրիլի 8-ին հայ ռազմագերիների նոր խումբ է վերադառնալու Հայաստան, իսկ քիչ անց իրենք իրենց հերքեցին՝ նշելով, թե «գերիների հետ վերադարձը կրկին հետաձգվում է»։

Մաթեմատիկական եզրույթով ասած՝ ստացվում է երկու անհայտով հավասարում։ Երկու կողմերն էլ անհասկանալի հայտարարություններ են անում և հավասարվում իրար՝ միաժամանակ ստելով։

Բայց, այդ սուտն առաջին հերթին խոցում է մեզ, որովհետև ակնհայտ է, որ ունենք ռազմագերիներ, որոնց ծնողներն ու հարազատները կիսամարդ են դարձել անորոշությունից ու երերացող հույսից, սպասումից։

Այս հարցում, Հայաստանը պետք է ավելի համառ ու նախաձեռնող լինի, խնդիրը բարձրացնի միջազգային բոլոր հնարավոր հարթակներում, դիմի ԵԱՀԿ Մինսկի Խմբին, կառույցի անդամ պետություններին, բոլորին։ Այդ դեպքում միայն կարող է սառույցը հալվել․․․

Ատոմ Ենգոյան

 

Similar Posts