նորություններ | Իրադարձություններ | Հասարակություն

Ներկա դեպրեսիայի շրջանը շարունակվելու է մի քանի ամիս․հայտնի հոգեբանը, սակայն, լավատես է

Վերջին շաբաթների ընթացքում համացանցում, հանրային հարթակներում նկատելիորեն շատացել են մինորային տրամադրությունները, հուսահատությունը, ազգային անկարողության, թերարժեքության վերաբերյալ դատողությունները և մորմոքները:

Դիտվում են նաև սոցիալական ընդվզման տարերային բռնկումներ, ապարդյուն, թվում է թե ոչ մի հանգրվանի չտանող հանրային պոռթկումներ, աճող ագրեսիվություն, ծնկաչոք բունտի տեսարաններ և այլն:

Հանրային ճառախոսների և գործիչների խոսքերում, կարծես թե, ավելի շատ հնչում են ինքնամեղադրման, ինքնադատապարտման կամ ինքնապարսավումի մտքեր և միտումներ: Թվում է, թե հասարակության շլինքին է փաթաթվում ազգային մեղքի (մեղավորության) մի մութ, անողոք զգացմունք – սև օձի նման:

Ես ցանկանում եմ իմ մասնագիտական տպավորությունը (կամ գնահատականը) ներկայացնել նման դատողությունների և հոգեվիճակների վերաբերյալ: Սիրելիներ, պետք չէ զարմանալ, ահաբեկվել և կրկնակի անգամ տագնապել հիշյալ երևույթների առթիվ: Պարզապես, հայոց հասարակության կյանքում մեզ պատուհասած աղետից հետո վրա է հասել հոգեկան ընկճվածության կամ դեպրեսիայի փուլը, որն օրինաչափորեն դրսևորվում է (ի հայտ է գալիս) նախորդող ամիսների աֆեկտիվ-շոկային ռեակցիաների (էմոցիոնալ կաթվածի, խուճապի և հոգեկան քաոսի) շրջանից հետո:

Ներկա – դեպրեսիայի շրջանը շարունակվելու է մի քանի ամիս և հաղթահարվելու է անշուշտ:

Հիմա ես խորհուրդ չեմ տա սևեռվել կորստյան, մեղքի և ինքնադատապարտման թեմաների վրա, որովհետև դրանք հիմա շատ ուժեղ (հիվանդագին ուժեղ) արձագանք են ստանում մարդկանց հոգիներում (մեծի թե փոքրի): Այս շրջանում նպատակահարմար չեմ համարում նաև հասարակությանը ինքնավերլուծական, պատմաքաղաքական խորը քննություններով ծանրաբեռնելը, որովհետև այս ընկճվածության վիճակում արված ցանկացած վերլուծություն ավարտվում է սեփական ես-ի (ազգային ինքնության) պարտությամբ: Զուր չեն ասում – տխուր մարդու համար փիլիսոփայելը նշանակում է պատրաստվել մահվան: Իսկ մենք մեռնել չենք ուզում, ճիշտ է ?, Հայ ժողովուրդը պիտի հավերժ ապրի իր բնօրրանում, իր ինքնիշխան երկրի մեջ:

Ամենակարևոր խորհուրդը նման հոգեվիճակում – աշխատելն է, հատկապես հանրային-հանրօգուտ գործով զբաղվելը: Այն անհանգրվան բռնկումները, քաոսային բունտերը անհեռանկար են այս փուլում. դրանք ես գնահատում եմ իբրև մելամաղձության կույր պոռթկումներ (հոգեբույժներն անվանում են ռապտուս մելանխոլիկուս): Համախմբվել, աշխատել, զբաղվել արդյունաբեր գործունեությամբ. շուտով գալու են վերելքի և խանդավառության ժամանակները:

Հետագայում ինքներս մեզ շատ կզննենք, շատ կվերլուծենք, շատ կմեղադրենք, բայց հիմա բոլորին կոչ եմ անում դադարեցնել ինքնամեղադրման և հուսալքության այս վտանգավոր հանդեսը: Պինդ բռնենք իրար, ամուր պահենք միմյանց օգնելու, նեցուկ լինելու, իրարով հպարտանալու մեր ազգային ավանդները: Անաղարտ պահենք Հայոց լեզուն, խոնարվենք ազգի մեծությունների առաջ: Նայենք առաջ, շարժվենք առաջ. այսպես չի մնա:

Վարդգես Դավթյան
Հոգեբան, գրող, հրապարակախոս (ԱՄՆ)

Similar Posts