նորություններ | Իրադարձություններ | Հասարակություն | ՀԵտաքրքիր է

Google-ից մինչև Գոգոլ և Գիքոր․ ժամանակակից հասարակություն

Տեխնոլոգիական զարգացման պայմաններում ներկա հասարակարգը աչքի է ընկնում որոշակի առանձնահատկություններով։ Մի կողմից, գիտատեխնիկական նվաճումները լրացուցիչ խթան են մարդկության կայուն զարգացման համար, մյուս կողմից, որքան էլ զարմանալի է, բացասական հետևանքներ են արձանագրում՝ հասարակության մեջ առաջացնելով դեգրադացիայի որոշակի իմպուլսներ։ Այսօր, գրախանութներից գիրք ձեռք բերելու պրակտիկան հետզհետե զիջում է էլեկտրոնային ընթերցանությանը։

Մարդիկ ցանկացած գրքի, աշխատության, որևէ նյութի կարող են ծանոթանալ համացանցի միջոցով։ Մինչդեռ իրական գրասերներն ու ընթերցողները միարժեքորեն գնահատում են բնագրի ձեռք բերումն ու կենդանի ընթերցանությունը՝ երթևեկելիս, տանը, աշխատասենյակում կամ բնության գրկում։

Մեծ հաշվով կրթական ֆորմալ և ոչ ֆորմալ ձևերը ևս դուրս են եկել ուսուցիչ-աշակերտ, դասախոս-ուսանող կենդանի շփման մեթոդաբանությունից, հատկապես՝ վերջին շրջանում՝ պայմանավորված Կովիդ-19-ի համավարակով։ ԽՍՀՄ կրթական համակարգը, որ ամբողջ աշխարհում առաջատարն էր և օրինակելին, աստիճանաբար դուրս մղվեց մեր կրթակարգից, իսկ այն, ինչ ունենք և կիրառվում է մեր դպրոցներում, միջին մասնագիտական հաստատություններում և ԲՈՒՀ-երում, արժանապատիվ, այդ թվում նաև՝ հայեցի կրթության հետ քիչ աղերսներ ունի։

Այս իմաստով, լրացուցիչ կրքեր բորբոքեցին խոսակցություններն այն մասին, որ կրթական ծրագրերից հանվելու են կամ կրճատվելու են Հայ եկեղեցու պատմության, հայ գրականություն, հայոց պատմություն, նախնական զինվորական պատրաստություն առարկաների դասաժամերը։ Արևմտյան ուժերի և նրանց հայաստանյան իշխանական դաշնակիցների այս նկրտումներին հարկ չկա նորից անդրադառնալ, քանզի շարադրանքի էությունն այլ է այս պահին ․․․

Կրթական մակերեսայնությունը, հպանցիկությունը, հայեցողականությունը բերել են նրան, որ մենք, կարելի է ասել, դարձել ենք Google հասարակություն, որ տարական տեղեկություն ստանալու համար ոչ թե գիրք է կարդում, օժանդակ գրականություն է կարդում, ծանոթանում է հայկական և համաշխարհային բովանդակ պատմությանը, այլ վերնագրային իմացություն է դրսևորում, իրեն հարկ եղած ինֆորմացիան ստանալով համաշխարհային որոնական հսկայի՝ Google-ի միջոցով։

Իսկ Թումանյանի հայտնի «Գիքորն» ու համաշխարհային գրականության ռուս դասական Գոգոլը, պատկերավոր ասած, անհուսորեն սպասում են իրենց արժևորող մարդուն, ընթերցողին և սպասում են գրադարակներում և գրախանութներում, ոչ թե միջազգային սարդոստայնի ընձեռած փնտրողական հյուսվածքներում ․․․

Արա ԱԼՈՅԱՆ

Similar Posts