նորություններ | Քաղաքականություն

Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի՞ ընդդեմ Հայաստանի․ Greek City Times

«Սեպտեմբերի 27-ին Թուրքիայի հովանավորությամբ ներխուժումից ու Լեռնային Ղարաբաղի պատերազմը սկսվելուց երկու օր առաջ Greek City Times-ը պարզեց, որ Թուրքիան սիրիացի վարձկաններին տեղափոխում է Ադրբեջան, ինչը, ի պատասխան Greek City Times-ի հարցման,  Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքեց, բայց այժմ անհերքելի ապացույցներ կան, ներառյալ լուսանկարներ, տեսանյութեր, ձերբակալված վարձկաններ և ցուցմունքներ:

Այս մասին, Panorama.am-ի փոխանցմամբ, գրում է Greek City Times-ը։ Պարբերականի հոդվածագիրը ընդգծում է՝ այժմ թվում է, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի, այս անգամ ՝ ուղղակիորեն ներխուժում Հայաստանի տարածքներ։

Նշվում է, որ չնայած Ադրբեջանը սիրիացի վարձկանների և թուրքական հատուկ նշանակության ջոկատների օգնությամբ հետ վերցրեց նախկին ԽՍՀՄ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը շրջապատող յոթ շրջանները, թվում է, որ նոր հակամարտություն է բռնկվելու։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անպատրաստվածության կամ յոթ շրջանների նկատմամբ վերահսկողությունը պահպանելու հարցում չհետաքրքրվածության արդյունքում նվաստացուցիչ կորստից հետո, ենթադրաբար, Ադրբեջանին տրվել է ուղղակի ցամաքային ճանապարհ, որպեսզի նա կարողանա մուտք գործել Նախիջևան՝  Հայաստանի Սյունիքի մարզով, որը Ադրբեջանն անվանում է Զանգեզուր: Ենթադրաբար, դա համաձայնեցված էր նոյեմբերի 10-ին եռակողմ (Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան) հրադադարի մասին համաձայնագրի ստորագրմամբ»,-գրում է կայքը։

Հոդվածագիրը մեջբերում է Ղարաբաղի առաջին պատերազմում (1988-1994) Մոնթե Մելքոնյանի խոսքերը, որն ասում էր, որ եթե հայերը կորցնեն Լեռնային Ղարաբաղը, ապա նրանք կկորցնեն Սյունիքի մարզը` Ադրբեջանը Նախիջևանից բաժանող հողերը։ Նա կարծում էր, որ եթե  ադրբեջանական ուժերին հաջողվի Ղարաբաղից հայերին արտաքսել, ապա նրանք առաջ կընթանան դեպի Սյունիք և Հայաստանի այլ շրջաններ:

«Այնուամենայնիվ, թուրք և ադրբեջանցի ազգայնականները կոչ են արել օկուպացնել Սյունիքի մարզը՝ վերջ դնելու համար Նախիջևանի կտրվածությանն Ադրբեջանից: Հայտնի շատ հայեր նախազգուշացնում են, որ Թուրքիայի և Ադրբեջանի երկարաժամկետ նպատակն է ստեղծել ավելի փոքր հայկական պետություն, որը հիմնված կլինի այսօրվա հյուսիսային Հայաստանի շուրջ:

Թվում է, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի՝ Սյունիքը Հայաստանից գրավելու համար»,-գրում է կայքը, ներկայացնելով նախորդ շաբաթ Ալիևի հայտարարությունը «Զանգեզուրով նոր տրանսպորտային միջանցքի մասին» ու որ այն կանցնի  «Ադրբեջանի պատմական տարածքով, և կկապի մայրցամաքային Ադրբեջանը իր անբաժանելի մասի ՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ», և այն, որ Ալիևը հայտարարեց, թե «Հայաստանը ցանկանում է խոչընդոտել Զանգեզուրի միջանցքի իրագործմանը, բայց նրանց դա չի հաջողվի: Մենք նրանց կստիպենք»:

«Սա հստակ ցուցում է այն բանի, որ Ադրբեջանը պատրաստ է ուժ կիրառել Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցք բացելու համար` Նախիջևանը Ադրբեջանի հետ կապելու համար: Ալիևի հայտարարությունը հնչում է այն ժամանակ, երբ ադրբեջանական լրատվամիջոցները փետրվարի վերջին հայտնում էին, որ Ադրբեջանի զինված ուժերը հատուկ գործողություն են իրականացնելու Ղարաբաղում:


Մեկ այլ ակնարկ այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է Սյունիքի մարզի դեմ նոր ռազմական գործողության, թուրքական Boeing 737AEW&C վաղ նախազգուշական և վերահսկիչ ինքնաթիռը շրջում էր Հայաստանի հետ սահմանի մոտ: Սա նույն «CENAH01» ծածկագրով ինքնաթիռն է, որն օգտագործվել է անցյալ տարվա պատերազմի առաջին օրերին: Կան տեղեկություններ նաև այն մասին, որ Ադրբեջանը պահեստազորին է կանչում, մինչդեռ միաժամանակ թուրք և ադրբեջանցի զինվորականները համատեղ զորավարժություններ են անցկացրել Հայաստանի սահմանի մոտ:


Ենթադրությունն այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի, գալիս է այն ժամանակ, երբ թվում է, որ Ուկրաինան պատրաստվում է Դոնբասում զինված խմբավորումների դեմ գարնանային հարձակմանը:


Հնարավոր է, որ Ադրբեջանը և Ուկրաինան, երկուսն էլ Թուրքիայի մերձավոր դաշնակիցները, կարող են միաժամանակյա գործողություններ սկսել՝ Ռուսաստանին Դոնբասի աշխարհազորայինների և Հայաստանի անունից զիջումներ պարտադրելու համար: Թուրքիան շեշտում է, որ Ղրիմը Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական տարածք է, և որ թաթարական փոքրամասնությունը ենթադրաբար ճնշված է: Բացի այդ, Թուրքիան անօդաչու թռչող սարքեր է տրամադրում ուկրաինացի զինվորականներին և ասում է, որ չի հապաղի գործել Հայաստանի դեմ, եթե չտրվի իր պահանջներին:


Չնայած Փաշինյանի փորձերին՝ Հայաստանին թեքել Ռուսաստանից դեպի ազատական Արևմուտք, Մոսկվան այժմ օգնում է հայկական ռազմական բարեփոխումներին և վերազինմանը:

Ի պատասխան՝ Ալիևն հայտարարեց, որ Ռուսաստանը չպետք է օգնի Հայաստանին արդիականացնել իր բանակը կամ տրամադրի նոր զենք:

Ավելի կարևոր է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ-պետություն է: Եթե Հայաստանը հարձակման ենթարկվի ոչ անդամ պետության կողմից, ապա Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ռուսաստանը պարտավոր կլինեն օգնություն ցուցաբերել»,-գրում է կայքը ու հավելում՝ արդյո՞ք Մոսկվան կկարողանա կառավարել միաժամանակյա հակամարտությունները Կովկասում և Դոնբասում, եթե Ադրբեջանը և Ուկրաինան սկսեն միաժամանակյա գարնանային հարձակողական գործողություններ, ինչը կարող է խրախուսվել Թուրքիայի կողմից՝  Ռուսաստանից զիջումներ ստանալու համար։

Similar Posts