նորություններ | Հասարակություն

Ահազանգ․սերիալատենդը դարձել է մեր օրերի ամենից ակնառու խնդիրներից մեկը

Խորհրդային միության տարիներին հնդկական կինոն մեծ բում էր ապրում, զիտա-գիտաները, դիսկո պարողները, մյուսները դարձել էին մեր կինոնախասիրությունների մի մասը, սակայն ոչ այն թափով ու այն թողտվությամբ, որպիսին մեր օրերում է:

Վերջին շրջանում հայկական հեռուստաալիքները ողողել են հնդական հեռուստանովելները, որոնք լրջորեն ներխուժել են ոչ միայն մեր կենցաղ, այլև սպառնում են դեգրադացնել մի ամբողջ սերունդ:

Մեր մատաղ սերունդն ու երիտասարդներն անգիրել են Իչաների և մյուսների անունները, տառապում են նրանց վշտով, կարծես այլ կարևոր հարցեր ու նախասիրություններ չկան…

Հնդկական սերիալաները, բնականաբար, իրենց լսարանն ունեն և հետապնդում են կոնկրետ նպատակ: Բայց այն, հավատացեք, քիչ աղերսներ ունի մեր արժեքահամակարգի և ազգային նախապատվությունների հետ։

Մենք իհարկե խոսում ենք ոչ թե Հնդկաստանի ու այդ վիթխարի մշակույթ ունեցող ազգի մասին, այլ այդ երկրի կենցաղն արտացոլող հեռուստատեսային դիպաշարի ներմուծման հայկական հետևանքների ու ռիսկերի մասին։

Առհասարակ, արդի աշխարհում մասմեդիան հզոր գործիք է, ազդեցության զորեղ միջոց՝ մարդկանց, հասարակություններին կառավարելու, հանրային կարծիք ձևավորելու համար։ Մատաղ սերունդն ամենից անպաշտպանն է այդ առումով։ Եթե տարեցները, տնային տնտեսուհիները, զբաղմունք չունեցող այլ մարդիկ կարող են իրենց թույլ տալ սերիալների դիտումներ և այլն, ինչ-որ իմաստով կազմակերպելով, բովանդակություն ու հետաքրքրություն հաղորդելով իրենց պարապ ժամանակին, ապա դպրոցատարիք երեխաների պարագայում նման հակումները բերելու են հոգեբանական խնդիրների, ձևավորելու են կարծատիպեր և այլ ռիսկային երևույթներ։

Կասեք, ավելի նախընտրելի է դիտել հնդկական սերիալներ, քան մարտաֆիլմեր և սպանություններ ու բռնություն նկարագրող հոլիվուդյան տարատեսակ կինոներ, բայց հարցը վատի ու վատագույնի միջև ընտրությունը չէ։ Հարցն ընդհանրապես հայեցի ու ճիշտ դաստիարակությանն է վերաբերում, իսկ սա ոչ միայն դպրոցի, ուսուցչի, պետության, այլ նաև ընտանիքի խնդիրն է։ Ծնողների աչալրջությունն ու հետևողականությունն այդ հարցում շատ կարևոր է, որովհետև հայ հասարակությունը ներկայում ապրում է ոչ հեշտ ժամանակներ՝ մեզ բոլորիս հայտնի հանգամանքների և իրադարձությունների պատճառով։

Եթե խոսում ենք ապագայի մասին, ապա մեզ պետք է առողջ սերունդ, հզոր, կիրթ, ազգային ու համամարդկային առաքինություններով ու նպատակներով։ Եվ, ի դեպ, խոսքը ոչ թե ժամանակ առ ժամանակ որևէ սերիալով տարվելու, դիտելու մասին է, այլ սերիալատենդության, սևեռուն հակվածության՝ իբրև առաջնային նպատակի․․․

Similar Posts