նորություններ | Հայերի երկիր | Հասարակություն

«Ամենքին Հասանելի Սպորտ»․ բացառիկ ծրագիր, որ հղացվել է Արցախյան 2-րդ պատերազմի օրերին

« «Սպորտ՝ հասանելի ամենքին» ծրագիրը մտահղացել եմ Արցախյան երկրորդ պատերազմում՝ Հադրութի մատույցներում, երբ արդեն Հադրութը հանձնված էր։ Թշնամու զինվորները մարզված էին և ֆիզիկապես պատրաստված, դրան հակառակ մեր կամավորականները և ՄՈԲ-ի տղաները (բացարձակ մեծամասնությունը) հասկանալի պատճառներով նիհար, թույլ և ֆիզիկապես անպատրաստ էին։ Հնարավոր հաջորդ պատերազմին, մենք պարտավոր ենք ուղղած լինել այս խնդիրը, խնդիր, որը պակաս ազդեցություն չունեցավ պատերազմի ելքի վրա»։

Այս մասին տեղեկացրել է ծրագրի հեղինակ, քաղաքական, հասարական գործիչ Վահագն Չախալյանը։

Նա որոշակի մանրամասներ է ներկայացրել իր նախաձեռնության մասին, որը ներկայացնում ենք ստորև․

«Ամենքին Հասանելի Սպորտ» ծրագրի շրջանակներում նախատեսում ենք անվճար մարզել

• Զոհված Ազատամարտիկների երեխաներին

• Մանկատան երեխաներին

• Անապահով ընտանիքների երեխաներին

«Ամենքին Հասանելի Սպորտ» ծրագրի շրջանակներում կլինի նաև ինքնարժեքով մարզվելու հնարավորություն։ Ինքնարժեքով կարող են մարզվել հետևյալ խմբի ներկայացուցիչները։

• Արցախյան ազատամարտի մասնակիցներն ու նրանց երեխաները

• Սփյուռքահայերը և ջավախահայերը

• Ուսուցիչները և նրանց երեխաները, ՀԱԵ հոգևորականներ, քահանաններն ու նրանց երեխաները, զինվորականներն ու նրանց երեխաները, գիտնականները և նրանց երեխաները

Ծրագրի շահառուները ոչ միայն անվճար մարզվելու հնարավորություն կունենան, այլև նրանց հետ կտարվեն գաղափարական աշխատանքներ ուղղված Պետականության հենասյուներ հանդիսացող՝ Ընտանիք, Եկեղեցի, Բանակ անձեռնմխելի արժեքների դերի և կարևորության գիտակցության բարձրացմանը։ Մեր մարզասրահներում հայ երիտասարդները կստանան ոչ միայն ֆիզիկական, այլև գաղափարական պատրաստվածություն։

Համանման ծրագրի հաջողված փորձ մենք արդեն ունենք Ջավախքում, 2002-2008 թվականներին Ջավախքի մի շարք քաղաքներում և գյուղերում հիմնել էինք մարզասրահներ և այս համատեքստում դաստիարակում էինք ջավախահայ երիտասարդներին։ Հետագայում Վրաստանի այն ժամանակվա իշխանությունները, հղում անելով իրենց տարածքային ամբողջականությանն ուղղված սպառնալիքին, արգելեցին մեր մարզասրահների գործունեությունը։

Հայկական Արժեքների Պաշտպանության Կամք Հասարակական Նախաձեռնության հետ համատեղ, ծրագրի շահառուները հնարավորություն կունենան նաև մասնակցելու ադրբեջաներենի անվճար դասընթացներին,որը կազմակերպվում է Կամքի գրասենյակում։

Կամքի հետ համատեղ ծրագրի շահառուների համար նախատեսվում է նաև ազգային-քրիստոնեական հենքի վրա, տարին առնվազն մեկ անգամ կազմակերպել բանակում-ճամբարներ, ինչպես նաև պարբերական արշավներ քրիստոնեական սրբավայրեր։

Նախատեսվում է նաև համագործակցել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հետ։

Ծրագիրը բաղկացած է երեք փուլից, ծրագրի առաջին փուլում նախատեսում ենք մարզասրահներ բացել Երևան քաղաքում, Երևան քաղաքի Աջափնյակ, Նորքի Զանգված, Շենգավիթ և Հարավ Արևմտյան թաղամասերում։

Առաջին փուլում անվճար մարզվել կկարողանան 800-ից ավել երիտասարդներ, այսինքն առաջին փուլի շահառուները կլինեն 800-ից ավել։

«Ամենքին Հասանելի Սպորտ» ծրագրով նախատեսում ենք հոգալ ոչ միայն անվճար մարզվելու հարցերը, այլև հնարավորության դեպքում հոգալ մարզհագուստի, ինչպես նաև հանրապետական և միջազգային մրցումներին մասնակցելու ծախսերը։

Ծրագրի երկրորդ փուլում նախատեսում ենք մարզասրահներ բացել Գյումրի, Վանաձոր, Գորիս քաղաքներում։

Ծրագրի երրորդ փուլում նախատեսում ենք մարզասրահներ բացել ՀՀ մնացած մարզկենտրոններում։

Ծրագրի ավարտից հետո «Ամենքին Հասանելի Սպորտ» ծրագրից օգտվելու հնարավորություն կունենան շուրջ 2000 հոգի»։

Similar Posts