նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

Հայ գերիները պաշտպանված են Ժնևի կոնվենցիայով․ բանաձևի քննարկում՝ Եվրոխորհրդարանում

Եվրոպական խորհրդարանը քննարկում է  «Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին հակամարտության արդյունքում ռազմագերիների» վերաբերյալ բանաձևի նախագիծը։

Քննարկմանն առաջինը ելույթ ունեցած բանաձևի նախագծի հեղինակ Անդրեյ Կովաչևը հայտարարեց, որ այս քննարկման առանցքային մեսիջն է՝ անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր հայ գերիներին՝ ռազմական ու քաղաքացիական, որոնք ձերբակալվել են պատերազմի ու դրանից հետո։ Ադրբեջանը պետք է ամբողջությամբ կատարի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, գերիների վերադարձման 8-րդ կետը։

Անդրեյ Կովաչևի խոսքերով, անկախ թե ինչ սահմանումներ կտա գերիներին Ադրբեջանը՝ հանցագործներ, թե ահաբեկիչներ, նրանք բոլորը պաշտպանված են Ժնևի կոնվենցիայով և միջազգային հումանիտար իրավունքով և պետք է վերադարձվեն իրենց ընտանիքներ։

Բանախոսն անդրադարձավ նաև Բաքվում ռազմավարի այգուն, ասելով, որ առավել է բորբոքում երկարատև թշնամությունը:

«Մարդկային յուրաքանչյուր կյանք թանկ է ու պետք է պահպանվի»,-ասաց Կովաչևը։

«Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը նախորդ տարի հանգեցրեց 5 հազար զոհի, շատ մարդիկ ստիպված եղան փախնել իրենց քաղաքներից, մի մասը գերեվարվեց։ Անընդունելի է, որ այսօր դեռևս Ադրբեջանում կան հայ գերիներ, և մենք լսում ենք խոշտանգումների մասին հաղորդումներ։ Սա Ժնևի կոնվենցիայի հստակ խախտում է»,-ասաց պատգամավոր Իզաբել Սանտոսը՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել հայ գերիներին, հավելելով, որ կողմերը պետք է վերադարնան բանակցային սեղան՝ ԵԱՀԿ Միսնկի խմբի ներքո՝ քաղաքական լուծման համար, որը միակ ճանապարհն է տարածաշրջանում խաղաղության համար։

Բանաձևի մյուս հեղինակ Պետրաս Օստրևիչյուսն ասաց, որ վերջին պատերազմը Հայաստանի ու Ադրբեջանի միջև ողբերգություն է։

«Ամեն ինչ պետք է արվի՝ հակամարտությունից դեպիք խաղաղ համակեցության անցնելու համար։ Ռազմագերիների, գերիների ու մյուս կալանավորվածների ազատ արձակումը դեպի առաջ ճանապարհն է»,-ասաց  Օստրևիչյուսը։

Պատգամավորն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղ ռուս խաղաղապահների տեղակայմանը։

«Ռուսաստանի ներկայությունը կարող է վերածվել երկարատև գործընթացի։ ԵՄ-ն պասիվ դիտորդ էր հակամարտությանը և չօգտագործեց իր ազդեցությունը՝ այն կանխելու համար։ ԵՄ-ն պետք է նախաձեռնի ու ակտիվորեն մասնակցի խաղաղ գործընթացին»,-ասաց Օստրևիչյուսը։

Բանաձևի նախագծի քվեարկությունը տեղի կունենա երեկոյան։

Աղբյուր` Panorama.am

Similar Posts