նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

Անկարան մտահոգված է․Ապրիլի 24-ին ընդառաջ Թուրքիան գաղտնի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսափող համարվող թուրքական «Sabah» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Անկարան ապրիլի 24-ին ընդառաջ գաղտնի դիվանագիտություն է վարում ԱՄՆ-ի հետ, քանի որ  անհանգստացած է Վաշինգտոնից ստացված ազդակներից: 

Այս մասին գրում է Ermenihaber-ը և հավելում․

«Թուրքիայում լուրեր են շրջանառվում, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հնարավոր է ապրիլի 24-ին կիրառի Հայոց ցեղասպանություն արտահայտությունը: 

Ըստ թուրքական կայքի՝ նախորդ շաբաթ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հանդիպել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի հետ և ներկայացրել Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի 4 վերապահումները: 

Քալընի պնդմամբ՝ կատարվածը ցեղասպանություն կոչելու համար իրավական հիմք չկա. դրա համար անհրաժեշտ է դատարանի որոշում, որպիսիք եղել են Ռուանդայի և Սրեբրենիցայի դեպքում: 

Նա երկրորդ կետով Սալիվանին հիշեցրել է, որ «ցեղասպանություն» տերմինը շրջանառության մեջ է դրվել 1948թ` ակնարկելով, որ այդ տերմինն ամրագրած ՄԱԿ-ի կոնվենցիան չի կարող հետադարձ ուժ ունենալ: 

Թուրքիայի մյուս մտավախությունը ներկայացնելիս՝ Էրդողանի խոսնակը շեշտել է, որ Բայդենի կողմից «ցեղասպանություն» բառի կիրառումը խնդիրներ կստեղծի ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում:  ԱՄՆ-ին այդ քայլից ետ պահելու համար Թուրքիան վերջին հույսի փրփուրներից է կառչում:

Կայքի փոխանցմամբ, Քալընը հայտնելով, որ Կովկասում նոր կարգ է հաստատվում,  հետևյալ ուղերձն է փոխանցել.

«Մենք ասում ենք՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորենք: Ասում ենք. «եթե նրանք (հայերը) ճիշտ քայլ անեն, տեսեք մենք էլ անգամ դարպասները կբացենք»:

Նման մի ժամանակահատվածում, եթե դուք ցեղասպանություն բառը կիրառեք, նշանակում է՝ Կովկասում ամբողջ գործընթացը սաբոտաժի եք ենթարկում»:  

Similar Posts