նորություններ | Հայեր | Քաղաքականություն

Արդյո՞ք Թուրքիան կփոխի հայատյացության կեցվածքը․ ՀՀ ԱԳ նախարարը լավատես է

«Հայ ժողովուրդը, որը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, թերևս ամենալավն է գիտակցում խաղաղության գինը։ Եվ մենք չենք փնտրում թշնամիներ։ Անկախացման առաջին իսկ օրվանից մինչև վերջերս Հայաստանը տարբեր նախաձեռնություններով է հանդես եկել՝ Թուրքիայի հետ հարբերությունների կարգավորման ուղղությամբ, և վերջինը ցյուրիխյան գործընթացն էր, որը ի չիք դարձվեց Թուրքիայի կողմից»։

Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում  հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը։

Հայաստանի գլխավոր դիվանագետը հիշեցրել է, որ ազնիվ և առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հայկական կողմի նախաձեռնությունը չի փոխադարձվել պաշտոնական Անկարայի կողմից։

«Ավելին, անցած դարի աղետը, որի գագաթնակետն էր Հայոց ցեղասպանությունը, կարծես թե, ոչ միայն չի դադարեցվել, այլ նաև արտահանվել է մեր տարածաշրջան։ Մենք բոլորս շատ լավ գիտակցում ենք՝ ինչ հնարավորություններ և հեռանկարներ կարող են ստեղծել խաղաղությունն ու հաշտեցումը, բայց դրանք լոկ գեղեցիկ բառեր չեն։

Եվ որպեսզի իրապես լինի խաղաղություն մեր տարածաշրջանում, մենք ակնկալում ենք, որ Թուրքիան արմատական փոփոխությունների կենթարկի Հայաստանի հանդեպ իր ագրեսիվ քաղաքականությունը և կվերացնի ագրեսիվ գործողությունները»,- ընդգծել է Արա Այվազյանը։

Այդուհանդերձ, ըստ նախարարի, պատմության մեջ շատ են եղել դեպքեր, որ ծանր, ողբերգական պատմություն ունեցող երկրներն, ի վերջո, գտել են քաղաքական կամք և հասկացել են նորմալ, բարիդրացիական հարաբերություններ ձևավորելու անհրաժեշտությունը։

«Հույս ունեմ, որ Թուրքիայում այդ գիտակցումը վաղ թե ուշ կգա։ Այնպես որ, ես չեմ կարծում, որ Թուրքիան երբեք չի փոխի իր հայատյացության այդ կեցվածքը։

Իսկ ԱԳ նախարարությունը տեղյակ չէ որևէ ձևաչափի մասին, որով կարող են տեղի ունենալ խորհրդակցություններ, կոնսուլտացիաներ կամ բանակցություններ պաշտոնական Անկարայի հետ»,- եզրափակել է Արա Այվազյանը։

Similar Posts