նորություններ | Իրադարձություններ | ՀԵտաքրքիր է | Քաղաքականություն

Արցախցին իրավունք ունի մասնակցելու ԱԺ ընտրություններին․ իշխանության սրտով լինի, թե՝ ոչ

Իր հայրենիքի 75 տոկոսը կորցրած, իր հազարավոր որդիների, եղբայրների, ծնողի, հարազատի, հարևանի, համերկրացու մահը տեսած, անօթեևան, տարագիր արցախցին, որ անդառնալի ցավով եկել ու հանգրվել է Մայր Հայաստանում, առերեսվում է բախտի հասցրած միանգամից մի քանի հուժկու հարվածների։

Արցախցին, որի հոգում դեռ մխում է հազարավոր վիրավոր հայրենակիցների, անհայտ կորածների, ռազմագերիների ճակատագրի հանդեպ անասելի մորմոքը, տագնապները, հայտնվել է մեծ աղետի առջև։

Արցախցի ասելով, մենք, իհարկե, նկատի ունենք ոչ թե նրա ստուգաբանությունը, այլ պատմական ծագումը, տեղային առումը։ Որովհետև մենք բոլորս հայ ենք ու պարտավոր ենք միասնականորեն դիմագրվել ճակատագրի մարտահրավերները, վեր կանգնել անձնականությունից, նայել առաջ, մեկս մյուսին սատարելով՝ հաղթահարել անհաղթահարելին, ինչպես եղել է, կա ու կլինի։

Ներկայումս, երբ հայաստանյան քաղաքական կուսակցություններն ու դաշինքները հայտ են ներկայացրել՝ մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին, և, հատկապես, որ նրանց ներկայացրած ծրագրերում, հայտարարություններում Արցախի հարցը, ԼՂ հակամարտության հիմնախնդիրը, արցախցու ճակատագիրը լեյտմոտիվային գերակա նշանակություն ունի, մի տեսակ աբսուրդ է, որ նույն այդ արցախցին իրավունք չունեն մասնակցելու, քվեարկելու առաջիկա ընտրություններին։

Ընտրության իրավունքը կենսական իրավունք է, և, պնդել, թե ՀՀ սահմանադրությամբ նման դրույթ ամրագրված չէ, առնվազն այս փուլում զավեշտ է։

Ի դեպ, իշխանություններն էլ առանձնակի շահագրգռվածություն չունեն ընդառաջել այս պահանջին, որովհետև՝

ա/ շարունակում են երաշխիքներ տալ Ադրբեջանին, թե Արցախի հարցում Հայաստանը բացառապես մոդերատորի դերում է

բ/ վախենում են, որ արցախահայության հոծ բանակը բնականորեն և տրամաբանորեն միանալու է իր ընդդիմախոսների ճամբարին։

գ/ ցույց է տալիս Հայաստանցի-Արցախցի ապազգային, կործանարար ու վտանգավոր ջրբաժանը։


Մնացյալը սին հեքիաթ է, նենգափոխության ու մանիպուլյացիայի վարպետ Փաշինյանի ու իր քաղաքական թիմի կատարմամբ։

Տեղեկություններ կան, թե ընտրության մասնակցության իրավունք արտոնվել է Քարվաճառից ու Քաշաթաղից ներգաղթած արցախցիներին։ Դեռ հստակ չէ, թե ինչով է պայմանավորված նման տարբերակումը, ամեն դեպքում, այս իրավունքը պետք է դարձնել համավերագրելի, համահասցե ու ոչ երկիմաստ։


Աներկբա է, որ ճակատագիր խեղած, որդի ու հարազատ կորցրած, տնազուրկ, բայց պատվախնդիր արցախցին ունի՛ ընտրության ու ձայնի իրավունք: Քաշաթաղի ու Քարվաճառի տարագրյալները որքան գիտեմ արտոնված են, այս պահանջը պետք է համավերագրելի լինի:

Արա ԱԼՈՅԱՆ

Similar Posts