նորություններ | Քաղաքականություն

Բելառուսը քաղաքներ կկառուցի ԼՂ նախկին տարածքներում․Մինսկի նոր սիրախաղը Բաքվի հետ

Բելառուսի և Ադրբեջանի փոխհարաբերությունների մասին շատ է խոսվել։

Պաշտոնական Մինսկը՝ ի դեմս երկրի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի հատուկ ընդգծված բարիդրացիական հարաբերություններ է ունեցել և ունի Ադրբեջանի հետ։

Արցախյան հակամարտության ամբողջ շրջափուլում Բելառուսը շարունակաբար հանդես է եկել պրոադրբեջանական դիրքորոշմամբ։

Այդ համատեքստում հիշենք ընդամենը մեկ սկանդալային իրողություն․Ալեքսանդր Լուկաշենկոյի այն հայտարարությունը, ըստ որի Բաքուն իր միջոցով պաշտոնական Երևանին (Սերժ Սարգսյանի նախագահության օրոք-խմբ.) առաջարկել է 5 միլիարդ ԱՄՆ դոլարի դիմաց Ադրբեջանին հանձնել Արցախի հայտնի շրջանները։

Նախագահ Սարգսյանն, իհարկե, արդեն արձագանքել է այդ զավեշտին, այդ ամենի մասին վկայող նույնիսկ ձայնագրություն է հրապարակվել համացանցում, որտեղ ՀՀ 3-րդ նախագահը հակադարձում է բելառուս գործընկերոջը՝ նշելով, որ Հայաստանը պատրաստ է 6 միլիարդ ԱՄՆ դոլար տալ, միայն թե Բաքուն հեռու կանգնի նման հավակնություններից։

Այնպես որ, Մինսկից միայն այդ անվանումն աղերս ունի ԼՂ կոնֆլիկտի էությանն ու տրամաբանությանը՝ հաշվի առնելով, որ հակամարտության կարգավորման գլխավոր հանձնառու միջնորդական կառույցը ԵԱՀԿ Մինսկի խումբն է՝ համանախագահ երկրներով։

Դե, բնականաբար, բռնապետերը սիրում են ընկերություն անել։ Ալիևի ու Լուկաշենկոյի պարագայում դա նորմալ է։ Նկատի առնելով Փաշինյանի ոչ պակաս բռնապետական կառավարակարգը, զարմանալի է, թե ինչու նա տեղ չունի այս զույգի հետ սերտ գործակցության տիրույթում, ինչի արդյունքում կլիներ ռեգիոնալ քաղաքական յուրահատուկ Բերմուդյան եռանկյունի։

Բայց, ինչպես ասում են, կա մի բայց։

Զրո գրպանով պետության ու զրո դիվանագիտություն վարող ղեկավարի հետ ոչ մեկ չի կամենում գործընկերություն անել, որքան էլ նրանց միավորեն բռնապետական ու մարդկային նկրտումները։

Ինչ վերաբերում է բելառուսա-ադրբեջանական փոխհարաբերություններին, տեղեկություն կա, որ Բելառուսը Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում գյուղատնտեսական քաղաքներ կկառուցի:

Հայտնի է, որ այդպիսի պայմանավորվածությունը ձեռք է բերվել ամենաբարձր մակարդակով` նախորդ շաբաթ երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ:

Խոսքը ամբողջ ենթակառուցվածքի վերականգնման մասին է. կհայտնվեն ինչպես բնակելի շենքեր, այնպես էլ սոցիալական հաստատություններ (դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ): Այժմ քննարկվում են համալիր զարգացման մանրամասները:

Այս ամենը պետք է ոչ թե քաղաքական խանդի պատճառ դառնա, այլ լինի լրացուցիչ ազդակ, թե ինչպես է անհրաժեշտ համակողմանի և արդյունավետ դիվանագություն վարել բոլոր երկրների հետ, ունենալով ազգային շահն ու դրա բաղձալի նպատակակետերը։

Similar Posts