նորություններ | Քաղաքականություն

Գոնե հետևենք դասականներին

(օրվա խոհերից)

Չարլի Չապլինին բոլորը գիտեն: Բոլորն են հմայվում, ապաքինվում նրա մեծ արվեստով, մարդասիրությամբ ու մարդկային կերպարով:

Բայց սակավ են նրանք, ովքեր հասկացել են նրա հերոսի փիլիսոփայական ասելիքը:

Օրինակ գերմանա-ամերիկյան խոշոր իմաստուններից մեկը – Էրիխ Ֆրոմը, Չապլինին համարում էր 20-րդ դարի մեծագույն սոցիալ-քննադատը: Որ նրա ֆիլմերը լի են սոցիալական հոգեբանության վերաբերյալ բազմաթիվ մեծ ու փոքր գյուտերով:

Եվ իրոք, հիշենք թեկուզ այն դրվագը, երբ խեղճ ու կիսաքաղց մարդուկը փողոցն անցնելիս, մեկ էլ բեռնատարի վրայից մի կարմիր լաթի կտոր է ընկնում:

Չարլին գետնից վերցնում է այն և անմեղ թափահարում օդի մեջ, որ վարորդը տեսնի: Մեկ էլ բոլոր կողմերից ապստամբ, հեղափոխական զանգվածներ են հայտնվում էդ լաթը թափահարող մարդուկի շուրջը, և տեսարանը անսպասելիորեն վերածվում է հակակառավարական մարդաշատ շքերթի:

Նման մի բան էլ կարծես մեր կողմերում կատարվեց 2.5 տարի առաջ:

Հասարակությունն այնքան լիցքավորված, այնքան տոգորված էր ատելությամբ վառ – գործող իշխանության դեմ, որ ուզածդ պրովոկատորը կամ անմեղ թափառաշրջիկը կարող էր հայտնվել ,,դրոշակակիր,, Չարլիի դերում: Ինչպես որ հայտնվեց:

Հիմա նույն իրավիճակն է կրկնվում: Զանգվածի ատելությանը գումարվել են նաև անդարձ կորուստների ցավը, խաբված և անարգված լինելու ցասումը և այլազան նեգատիվ զգացմունքային շերտեր:

Այս իրադրության մեջ մեր ընտրությունների և կողմնորոշումների խոտոր ընթացքը, մեր քայլերի հապճեպությունը լինելու են առավել աղետալի: Հարկավոր է միառժամանակ լռել, մտածել, շատ խորը մտորել, չարաթափ լինել և կազմակերպվել:

Լրջորեն կազմակերպվել, բայց այս անգամ ոչ թե ինչ-որ լաթեր կամ փալասներ թափահարող մարդուկների շուրջը:


Վարդգես Դավթյան

Similar Posts