նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը հայտարարություն է արել ԼՂ հակամարտության մասին

ԵԱՀԿ Մշտական խորհրդում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Քորթնի Օստրիանը հայտարարությամբ է հանդես եկել Մշտական խորհրդում, որում աջակցություն է հայտնել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։

«Որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ Միացյալ Նահանգները շարունակում են անհանգստանալ վերջին զարգացումներով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով, այդ թվում՝ ադրբեջանական ուժերի կողմից մի քանի հայ զինծառայողների կալանավորմամբ: Մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում շտապ և խաղաղ կարգավորել այս միջադեպը: Մենք նաև շարունակում ենք կոչ անել Ադրբեջանին՝ անհապաղ ազատ արձակել բոլոր գերիներին և մյուս կալանավորվածներին, և հիշեցնում ենք Ադրբեջանին միջազգային մարդասիրական օրենսդրությամբ ստանձնած պարտավորությունների մասին`բոլոր ձերբակալվածներին մարդասիրաբար վերաբերվելու մասին:

ԱՄՆ-ը սադրիչ և ավելորդ է համարում ցանկացած տեղաշարժ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի ոչ գծանշված տարածքներում: Մենք մերժում ենք ուժի օգտագործումը սահմանը սահմանազատելու համար և կոչ ենք անում երկու կողմերին վերադառնալ իրենց նախկին դիրքերը և դադարեցնել ոչ սահմանագծված սահմանի ռազմական ամրացումն ու ականների տեղադրումը:

Մասնավորապես, մենք կոչ ենք անում Ադրբեջանին իր ուժերը տեղափոխել մայիսի 11-ին իրենց ելման դիրքերը: Մենք նաև կոչ ենք անում Հայաստանին իր ուժերը տեղափոխել մայիսի 11-ի իրենց դիրքերը:

Այս գործողությունները կթուլացնեն լարվածությունը և տարածք կստեղծեն խաղաղ բանակցային գործընթացի համար՝ սահմանն անհապաղ սահմանազատելու համար:

Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել այդ ջանքերին:

Միացյալ Նահանգները հորդորում է կողմերին հնարավորինս շուտ վերադառնալ առարկայական բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո` Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը հասնելու համար` հիմնվելով Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա (ի թիվս այլնի՝ ժողովրդների ինքնորոշման իրավունք –խմբ․)։

Մենք կողմերին հորդորում ենք աջակցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի աշխատանքին և բյուջեին, որը արժեքավոր թափանցիկություն է բերում այս գործընթացին»,-հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը։

Similar Posts