նորություններ | Հասարակություն | Քաղաքականություն

ԵԱՀԿ-ում ներկայացվել են Արցախյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից թույլ տրված միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումները

Ապրիլի 28-ին տեղի է ունեցել ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի (ԱՀՖ) ՀՀ նախագահության ներքո ԵԱՀԿ ԱՀՖ անվտանգության երկխոսության ձևաչափով առաջին նիստը՝ նվիրված միջազգային մարդասիրական իրավունքին:

Ինչպես տեղեկացնում է ԵԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցչությունը, բացելով նիստը՝ ԵԱՀԿ ԱՀՖ նախագահ, ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանը նշել է, որ չնայած հակամարտությունների բնույթն էապես փոխվել է միջազգային մարդասիրական իրավունքի կոդիֆիկացիայից հետո, ԵԱՀԿ տարածաշրջանում միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների բնույթը մնացել է անփոփոխ՝ քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորում,  ռազմագերիների և գերեվարված այլ անձանց  նկատմամբ խոշտանգումներ  և դաժան ու անմարդկային վերաբերմունք, արգելված զինատեսակների կիրառում և այլն:

Նիստին բանախոսություններով հանդես եկան ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ Պաշտպանության նախարարության Մարդու իրավունքների ու բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Գևորգ Մարտիրոսյանը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գլխավոր իրավախորհրդատու Կորդուլա Դրոգեն:

Մասնակից պետություններին ներկայացվել են Արցախյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից թույլ տրված միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումները, ներառյալ քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների միտումնավոր և համակարգված թիրախավորումը, կասետային ու քիմիական տարրեր պարունակող զինատեսակների, մարտական անօդաչու  թռչող սարքերի, բալիստիկ հրթիռների օգտագործումը, հայ ռազմագերիների և պատանդների նկատմամբ նվաստացուցիչ, անմարդկային և դաժան վերաբերմունքի, այդ թվում ստորացման և ֆիզիկական բռնության, խեղումների դրսևորումները, մշակութային ժառանգության ոչնչացումը:

Նշվել է նաև, որ հայ ռազմագերիները և պատանդները շարունակում են մնալ գերեվարված, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է:

Մասնակից երկրներին ներկայացվել են ՀՀ զինված ուժերում  միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը և սկզբունքները բարեվարքության կանոնների ներդաշնակ մաս դարձնելու ուղղությամբ իրականացվող քայլերը։

Անդրադարձ է կատարվել նաև միջազգային մարդասիրական իրավունքի իրականացումն ապահովելու համար երկրների կողմից անհրաժեշտ օրենսդրական և պրակտիկ քայլերին։ Նշվեց, որ միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված պաշտպանության միջոցները պետք է կիրառվեն առանց բացառության։

Նիստին ելույթներով հանդես են եկել ԵԱՀԿ մասնակից երկրների պատվիրակությունները, որոնք բարձր գնահատեցին ԵԱՀԿ ԱՀՖ շրջանակներում միջազգային մարդասիրական իրավունքի թեմայով քննարկումներ կազմակերպելու Հայաստանի նախաձեռնությունը։

Similar Posts