նորություններ | Քաղաքականություն

Եթե հանդուրժենք Նիկոլ Փաշինյանին, ապա պատերազմը սարերի հետեւում չէ․պաշտպանության նախկին փոխնախարար

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով, որի շրջանակում անդրադարձել է մի շարք օրակարգային հարցերի։

Նախկին պաշտոնյան լրագրողների հետ զրույցում նշել է՝ եթե մենք պետության ղեկին հետագայում եւս հանդուրժենք Նիկոլ Փաշինյանին, ապա պատերազմը սարերի հետեւում չէ, ըստ որում՝ Հայաստանի տարածքում, ինչի հետեւանքով կարող ենք կորցնել Սյունիքի մարզը:

– Բանակն անչափ զգայուն է, հենց այս վտանգների հետ է կապված Կառավարության հրաժարականի անհրաժեշտության մասին Գլխավոր շտաբի հայտարարությունը,-ընդգծել է բանախոսը:

Նրա կարծիքով, ԶՈՒ-ում տեսնում են, որ եթե այսպես շարունակվի նաեւ հետագայում, ապա հաջորդ պատերազմն անխուսափելի է:

«Ես գրեթե համոզված եմ, որ պատերազմ կլինի: Հայաստանի նկատմամբ Բաքվի եւ Անկարայի ախորժակը չի թուլանում:

Տեսեք, թե ինչ սպառնալիքներ են հնչում Ալիեւի շուրթերով՝ իբր թող փորձեն չտալ «Զանգեզուրի միջանցքը»: Իսկ Թուրքիայի ղեկավարության հայտարարություններն ի պաշտպանություն Փաշինյանի վկայում են այն մասին, որ նրա գործունեությունը կապ չունի Հայաստանի շահերի հետ»,- ընդգծել է նախկին փոխնախարարը:

Արտակ Զաքարյանի կարծիքով՝ անհնար էր Շուշի ադրբեջանցիների մտնելը, «եթե չունենայինք տրոյական ձի»:

«Եթե ցանկանում ենք պատերազմից խուսափել, ապա պետք է հասնենք Փաշինյանի հրաժարականին»,- հայտարարել է քաղաքական գործիչը։

Similar Posts