նորություններ | Հայերի երկիր | Հասարակություն | Քաղաքականություն

Երևանը Ստեփանակերտին ֆինանսական միջոցներ չի՞ տրամադրում․ Արցախի պետնախարարը փաստեր է վկայակոչում

Արցախի հանրապետությունում ստեղծվել է կառավարական հանձնաժողով, որն զբաղվում է վերջին՝ 44-օրյա պատերազմի պատճառած վնասների ճշգրիտ գնահատմամբ։ Այս մասին Եռաբլուրում․ լրագրողների հետ զրույցում, հայտարարել է Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ պատերազմի հետևանքով Արցախի տնտեսական կորուստներն ահռելի են։

Պաշտոնյան, մասնավորապես, նշել է, որ այդ կորուստները համադրելի են համախառն ներքին արդյունքի մի քանի տարվա ցուցանիշի հետ, այսինքն՝ ուղղակի չափվում են միլիարդավոր դոլարներով։

«Ներառված է պետական, մասնավոր, ֆիզիկական անձանց գույքի, ենթակառուցվածքային վնասները»,–հայտարարել է Գրիգորի Մարտիրոսյանը և հավելել, որ Արցախը 44-օրա պատերազմի հետևանքով կորցրել է գյուղատնտեսական, էներգետիկ ներուժի մեծ մասը։

Այդուհանդերձ, պետնախարարը նշել է, որ անհրաժեշտ է վերականգնել տնտեսությունը և գնալ զարգացման ճանապարհով։ Նրա խոսքով, Արցախի 35–40 հազար քաղաքացի զրկվել է տնից, գույքից, և պետության առաջ դրված թիվ մեկ խնդիրը այդ մարդկանց բնակարաններով ապահովելն է։

«Նպատակ է դրվել առաջիկա 2,5–3 տարվա ընթացքում ամբողջությամբ այդ խնդիրը լուծել»,–հավաստիացրել է Գրիգոր Մարտիրոսյանը։


Գրիգորի Մարտիրոսյանն անդրադարձել է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամից միջոցները ՀՀ կառավարությանը տրամադրելու փաստին։ Այս համատեքստում, պաշտոնյան նշել է, որ հիմնականում Արցախին միջոցներ չեն փոխանցվում, այլ հիմնադրամն ինքնուրույն՝ հաղորդակցվելով Արցախի հետ, իրականացնում է ծրագրեր։

«Անցած տարի ՀՀ կառավարությունից 10 միլիարդից ավելի գումար է փոխանցվել Արցախին, իսկ այս տարի ՀՀ կառավարության որոշմամբ միջպետական վարկ է տրամադրվում»,-պարզաբանել է Արցախ պետնախարարը։


Similar Posts