նորություններ | Մշակույթ

Երևանում մեծ շուքով կտոնվի Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մարտի 18-ին ժամը 19:30-ին‚ «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված համերգով։

Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգան դաշնակահար Ալեքսանդր Գինդինը‚ սոպրանո Սիրանուշ Գասպարյանը‚ բարիտոններ Իլյա Կուզմինը և Գևորգ Հակոբյանը։

Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Մեծանուն կոմպոզիտորի հոբելյանին նվիրված համերգին կհնչեն նրա ստեղծագործություններից՝  

«Հերոսական բալլադ» դաշնամուրի և նվագախմբի համար‚

«Հորժամ»՝ հոգևոր երգ սոպրանոյի և լարային նվագախմբի համար‚

Նոկտյուրն դաշնամուրի և նվագախմբի համար‚

«Իմ սիրտը լեռներում է» կինոֆիլմից երաժշտություն‚

Արիա-վոկալիզ սոպրանոյի և լարային նվագախմբի համար‚

«Առաջին սիրո երգը» բարիտոնի և նվագախմբի համար‚

«Ճակատագիր»՝ երգ բարիտոնի և նվագախմբի համար‚

«Քո հետքերը»՝ երգ բարիտոնի և նվագախմբի համար‚

«Սատանու անիվ»՝ երգ բարիտոնի և նվագախմբի համար‚

«Անուրջներ»՝ պիես դաշնամուրի և նվագախմբի համար։

Համերգը տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Երաժիշտները հանուն խաղաղության» միջազգային նախագծի և «Դիալոգ» հասարակական կազմակերպության համագործակցությամբ։

Similar Posts