նորություններ | Քաղաքականություն

«Ընդդիմադիր» Մարուքյանն ընդդեմ ընդդիմությա՞ն․․․

«Երբ Նիկոլ Փաշինյանը քաղաքական ուժերին առաջարկեց քննարկել արտահերթ ընտրությունների հարցը և հանդիպել այդ օրակարգով, Հայաստանի ընդդիմադիր դաշտի արտախորհրդարանական դերակատարներն անխտիր հայտարարեցին, որ արտահերթ ընտրություններ Նիկոլ Փաշինյանի օրակարգով և նրա կողմից կազմակերպելով անընդունելի են»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Էդմոնա Մարուքյանը։ Նա նաև հավելել է հետևյալը․

«Անգամ հայհոյախառն հայտարարություններ եղան քաղաղաքական ուժերի, քաղաքագետների, փորձագետների, ԶԼՄ-ների շուրթերով` բոլոր այն ուժերին ուղղված, որոնք հանկարծ կհամաձայնեն այդ օրակարգին կամ որևէ կերպ կքննարկեն այդ օրակարգը վարչապետի հետ:

Խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցությունների ղեկավարները ԱԺ-ում հանդիպեցին Փաշինյանին և նրան տեղեկացրեցին, որ ընդդիմության պահանջը ոչ թե արտահերթ ընտրությունների կազմակերպումն է, այլ վարչապետի հրաժարականը:

Փետրվարի 7-ին “Իմ քայլը” հայտարարեց, որ արտահերթ ընտրությունների հարցը կտեղափոխվի քննարկման հունիսին:

Այս հայտարարությունից հետո` հիմա էլ տարատեսակ փորձագետներ, քաղաքագետներ և քաղաքական ուժեր սկսել են մեղադրել խորհրդարանական ընդդիմությանը, թե իբր այդ դուք եք այս խորհրդարանը պահում, այդ պատճառով չի ցրվում ԱԺ-ն, որպեսզի գնանք արտահերթ ընտրությունների:

Հիմա ինչ եմ ուզում ասել.

Հարգելի’ քաղաքական ուժեր, փորձագետներ և քաղաքագետներ, վերջապես կողմնորոշվեք, թե դուք ինչ եք ուզում` արտահերթ ընտրությու՞ն, թե՞ հրաժարական, թե՞ հրաժարական ու հետո արտահերթ ընտրություն:

Նախ ինքներդ որոշեք` ինչ եք ուզում, նոր հետո, որ կձևակերպեք ձեր պահանջը, նորից կխոսենք, ու հանկարծ չփորձե’ք ձեր անորոշ պահանջները գցել խորհրդարանական ընդդիմության գրպանը:

Այս պահին խորհրդարանը միակ լեգիտիմ մարմինն է, խորհրդարանական ընդդիմությունն առավել ևս լեգիտիմ է, և ցանկացած արշավ ընդդեմ խորհրդարանական ընդդիմության ի սկզբանե ձախողված է»։

Հատկանշական է, որ ընդդիմության քողի տակ հանդես եկող Էդմոն Մարուքյանը շարունակաբար գործում է, այսպես կոչված, «լողացող գրաֆիկով կամ լողացող կուրսով», խոսելով անընդհատ ու ամեն ինչի մասին, բայց, ըստ էության, ոչ մի բանի մասին։ Կարճ ասած՝ դեմագոգության առումով, սկսում է գերազանցել այդ գործի կարկառուն ներկայացուցիչներ, հայոց քաղաքական տարեգրության կերպարներից Արտաշես Գեղամյանին, Գալուստ Սահակյանին և այլոց։

2018 թ․ հեղափոխության հայտնի օրերին «կա երրորդ ճանապարհ» հայտնի թեզի հեղինակը այսօր էլ իր ելակետն է առաջարկում, որ ո՛չ 3-րդ, ո՛չ 4-րդ ու ո՛չ էլ այլ տարրական դասարանի աշակերտների համար նույնիսկ տրամաբանական ու ըմբռնելի չէ։

Ատոմ Նավասարդյան

Similar Posts