նորություններ | Քաղաքականություն

Ինչու՞ Փաշինյանը չի պատասխանում Ալիևին կամ լռությունը համաձայնության նշա՞ն է

Վերջին շրջանում, հատկապես կապիտալուցիայի խայտառակ փաստաթուղթը ստորագրելուց հետո հարևան ու ոչ բարեկամ երկրի ղեկավարը տարբեր առիթներով ոչ միայն հոխորտում է Հայաստանի, Արցախի ու հայության հասցեին, այլև բաց չի թողնում պատեհությունը՝ ծաղրելու և նվաստացնելու իրեն կիրթ ու կառուցողական համարող, մեր երկրի վարչապետի աթոռին (համոզված եղեք՝ շուտով համաժողովրդական ցասման ցցին) նստած Նիկոլ Փաշինյանին։

Հայաստանը, Երևանը, Զանգեզուրը «ադրբեջանական պատմական հողեր» հռչակած ու ամեն անգամ այդ մասին բարձրաձայնող Ալիևը օրերս հայտարարեց, որ Բաքուն, Անկարան և Թեհրանը մտադիր են համատեղ զարգացնել տարածաշրջանի ճանապարհային նախագծերը։

«Երևանը ևս կարող է շահել դրանցից, եթե իրեն նորմալ պահի»,- հայտարարել էր Ադրբեջանի նախագահը Տնտեսական համագործակցության կազմակերպության նիստում։ 

Նա նաև պնդել էր, որ 44-օրյա պատերազմից հետո ղարաբաղյան հակամարտությունը մնացել է անցյալում։

Այս ամենին մեր կառավարությունը ոչ մի պատասխան չտվեց։ ԱԳՆ-ն ՝ նույնպես։

Դրանից առաջ, եթե հիշում եք, Ալիևը հայտարարեց, թե Հայաստանին տրամադրել են իրենց հսկողության տակ եղած բոլոր հայ ռազմագերիներին։

Այս բարբաջանքին ևս մեր իշխանություններն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը չպատասխանեցին։

Պատասխանեց ընդամենը իմքայլականներից մի աղջնակ պատգամավոր։ Բայց պատասխանեց ոչ թե Ալիևին, այլ իրենց հայաստանյան ընդդիմախոսներին։ Տողատակով։ Թե բա՝ օրերս պետք է ռազմագերիների հերթական խումբը ժամաներ Հայաստան, բայց տեսեք-տեսե՜ք ներքին չուզողները խոչընդոտեցին այդ ամենին, ասել է թե՝ պրոցեսն արգելակվեց ներքին քաղաքական զարգացումների պատճառով։

Ավելի՛ն, ժամեր առաջ ադրբեջանցի օգտատերերից մեկը համացանցում տեսանյութ էր հրապարակել իր մասնակցությամբ, որտեղ ինքն ազատորեն շրջում է Կապանի մերձակայքում ու տարածքում։

Վարչապետի ու իշխանությունների կողմից զրո արձագանք նաև այս դիպվածին։

Լավ, ի վերջո, ո՞րն է Փաշինյանի, պաշտոնական Երևանի լռության պատճառը։ Արհամարհու՞մ են Ալիևին։

Երկիրը կործանածները, պարտվողները, հազա՜ր ներողություն, չեն կարող արհամարհել հաղթածին, իրենց նվաստացնողին՝ որքան էլ այս ամենը մարդկայնորեն խոցելի ու ողբերգական է մեզ համար։

Երկիրը կործանածները, պետական դավաճանները չեն կարող արհամարհել, չեն կարող առհասարակ որևէ զգացում ու վերաբերմունք ունենալ։

Նրանցը բնազդային շարժումներն են, հիստերիան է, քաղաքական ու անհատական գալարումները, ջղաձգումները՝ մեծ, միջին ու փոքր տրամաչափի քաղգործիք-խաղգործիչների մակարդակով։

Ժողովուրդն այս հարցում առավել իմաստուն է՝ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ Է․․․

Similar Posts