նորություններ | Քաղաքականություն

Ինչպես մայրաքաղաք-պետությունից վերածվել մարդ-պետության

Շատ է ասվել, գրվել այն մասին, որ Երևանը պետք է բեռնաթափվի թե՛ մարդկային ռեսուրսով, թե՛ ենթակառուցվածքներով։

Հայաստանի պետ փոքրիկ պետության համար մեծ և անիմաստ շռայլություն է ամեն ինչ կենտրոնացնել մայրաքաղաքում։

Ժամանակին համապետական դոկտրին կար, որտեղ գեղեցիկ մտքեր ու նպատակներ էին ամրագրված Երևանի ու մարզերի համաչափ ու կայուն զարգացման մասին։

Այն ենթադրում էր Երևանի բեռնաթափում, գերատեսչությունների, տարբեր ԲՈՒՀ-երի գլխամասային կառույցների տեղակայում հանրապետության այլ մարզերում, խոշոր համայնքներում։

Սա մի կողմից կկանխեր ներքին տեղաշարժը (հայտնի է, որ աշխատանքի ու ավելի բարեկեցիկ կյանքի փնտրտուքով մարզերի բնակիչները, հատկապես՝ երիտասարդներն ու երիտասարդ ընտանիքները տեղափոխվում են Երևան), կխթաներ մարզերում փոքր ու միջին բիզնեսը, կնպաստեր զբաղվածության խնդրի լուծմանը, նոր աշխատատեղեր, գործարար-աշխուժություն և այլն։

Երևանի բեռնաթափումը բարձրագույն ուսումնական հաստատությունների իմաստով որակապես կբարձրացներ գիտության ու կրթության նկատմամբ հետաքրքրությունը, կբարելավեր ժողովրդագրական մակարդակը։

Մշտապես բողոքում ենք տրանսպորտային խցանումներից, մինչդեռ բեռնաթափելով մայրաքաղաքը՝ էապես կփոխվի այդ պատկերը։ Պարզ ասած՝ այս գաղափարի կենսագործման առավելությունները բազմաթիվ են ու բազմապիսի։

Իսկ մենք դեռ շարունակում ենք ապրել մայրաքաղաք-պետության կարգավիճակով՝ բազում հոգսերով ու խնդիրներով։

Հասկանալի է, որ Երևանը, Երևանում ապրելը գրավիչ է շատերի համար, մայրաքաղաքն, իր դժվարություններով հանդերձ, հետաքրքրությունների, մշակութային, աշխատանքային, սոցիալական ու այլ միջավայրերի, յուրահատկությունների անսպառ աղբյուր է։

Բայց վաղուցիվեր կենսական պահանջ է մայրաքաղաք-պետությունից վերածվել մարդ-պետության։ Մարդը մեր երկրի գլխավոր կապիտալն է․զինվորից մինչև ուսանող, գործարարից մինչև թոշակառու։

Իրավունք չունենք անտեսել ՀՀ քաղաքացուն, մարդուն։ Նա քաղաքական մանրադրամ չէ, նա մեր պետության քաղաքականությունն է։ Անկախ քաղաքական համակրություններից և հակակրություններից, պետք է մեկընդմիշտ գիտակցել, արձանագրել, որ ՄԱՐԴԸ չպետք է մնա լուսանցքում, նա պիտի դառնա բոլոր գործընթացների շարժիչ ուժը։

Ամեն ինչ, այդ թվում՝ սահմանադրությամբ ամրագրված դրույթները, դեկլարատիվ գեղեցիկ տեքստերը, առ ոչինչ են, եթե իրականում մարդը ուսյալ չէ, աղքատ է, գործազուրկ ու անտեսված։ Անկախ հանգամանքից, քաղաքացին Երևանում է ապրում, թե՝ մարզերում։

Բայց անվիճելի փաստ է, որ Երևանը՝ համայն հայության սիրտն ու մայրաքաղաքը հենց մեր բոլորիս կենսամակարդակի ու կայուն զարգացման համար պետք է բեռնաթափվի, որպեսզի, երկրորդենք, դառնանք մարդ-պետություն, այլ ոչ թե մայրաքաղաք-պետություն։ 

Similar Posts