նորություններ | Հասարակություն

Լրտես՝ բարեգործի դիմակով․«HALO Trust»-ը թուրքերին է փոխանցել Արցախի ականապատված տարածքների քարտեզը


Արցախյան վերջին պատերազմից ավարտից ավելի քան 4 ամիս անց, նորանոր հանգամանքներ են ի հայտ գալիս, որոնք նոր լույս են սփռում մղձավանջային 44 օրերի և դրանց ցավալի հանգրվանի վրա։

«Բրիտանական «HALO Trust» ընկերությունը, որն Արցախում զբաղվում էր բարեգործական աշխատանքով, թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզը, որն էլ հնարավորություն է տվել 44-օրյա պատերազմի ժամանակ բարեհաջող հաղթահարել Արցախի ՊԲ-ի պաշտպանական ականապատված տարածքները»։  

Այս մասին 24News-ին հայտնել է Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը։

«Հավաստի աղբյուրներից ինձ հայտնի է դարձել, որ «HALO Trust» ընկերությունը, որն աշխատում էր բրիտանական բարեգործական կազմակերպության անվան տակ ու զբաղված էր ականների չեզոքացման աշխատանքներով, Արցախում աշխատած ժամանակահատվածում ձեռք է բերել հայկական կողմի ականապատված տարածքների քարտեզներն ու փոխանցել թուրքական հատուկ ծառայություններին։

Սրա պատճառով պատերազմի ժամանակ հակառակորդը կարողացել է բարեհաջող կերպով անցնել ականապատված տարածքներով։ Վտանգավոր տարածքները ուսումնասիրելու անվան տակ այս ընկերությունն իրականացրել է հետախուզական գործողություններ Արցախի ամբողջ տարածքում։

Այս կազմակերպությունը հիմնադրվել է բրիտանական խորհրդարանի անդամ և բրիտանական բանակի նախկին գնդապետ Քոլին Քէմբլ Միթչելի կողմից 1988 թ-ին»,- ասել է Ավագյանը։

Թեման դարձել է ներհայաստանյան թեժ քննարկումների առարկա։ Անդրադառնալով փաստին, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրիա Զոհրաբյանը գրել է․

«Թավշյա իշխանափոխությունից հետո Հայաստանում եւ Արցախում ակտիվացան արեւմտյան լրտեսական ցանցերը։  Արտաքին լրտեսների հետ միասին տեղական նշանակության լրտեսները թուլացրեցին մեր երկու հայկական պետությունների իմունիտետը։

Հիմա Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչը հայտարարում է, որ բրիտանական «HALO Trust» ընկերությունը, որը Արցախում զբաղվում էր բարեգործական աշխատանքով, թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզը, որն էլ հնարավորություն է տվել 44-օրյա պատերազմի ընթացքում բարեհաջող հաղթահարել Արցախի ՊԲ-ի պաշտպանական ականապատված տարածքները։

Մի տեսակ չեմ հավատում, որ Հայաստանի իշխանությունները այդ մասին չեն իմացել։ Կամ՝ Արցախից մնացած փոքր կտորի նախագահը։ Թույլ տալով, որ թուրքին հանձնվի ականապատված տարածքների քարտեզները, դուք թույլ եք տվել, որ թշնամին անարգել անցնի անանցանելի տեղանքներով։


Ի վերջո, ինչ սպասես մի իշխանությունից, որի ԱԱԾ-ն իր ողջ ռեսուրսը օգտագործում է ոչ թե արտաքին թշնամու դեմ պայքարի, այլ ֆեյք բռնելու համար»,-գրել է պատգամավորն ու հավելել․

«Իսկ Հայաստանն ու Արցախը արտաքին ու ներքին շպիոնների պլացդարմ սարքելու համար դեռ պատասխան եք տալու»։

Հետաքրքրիր է, որ օրերս լրտեսության հետ կապված կասկածանքով սկանդալի կենտրոնում հայտնվեց ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարիան Քլարկ-Հաթինգը, որն, ըստ մամուլում շրջանառվող վարկածի, լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի օգտին։

Հայաստանի կառավարության որոշմամբ նրա պաշտոնավորումը դադարեցվեց, ԱԳՆ-ից էլ հայտնեցին, թե «հայկական կողմի համար խնդրահարույց է եղել Մարիան Քլարկ-Հաթինգի կողմից իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը»։

Similar Posts