նորություններ | Քաղաքականություն

Հազարավոր մարդիկ կան, ովքեր կշարունակեն Փաշինյանին հեռացնելու պայքարը. Վազգեն Մանուկյան

«Ինձ չի հետաքրքրում՝ ինչ հարցեր են տալու, ոչ մի հարցի չեմ պատասխանելու, ոչ մի ցուցմունք էլ չեմ տալու»,- այս մասին, panorama.am-ի փոխանցմամբ, հայտարարել է Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ նախքան Քննչական կոմիտե հարցաքննության մտնելը։

Հիշեցնենք, որ  Վազգեն Մանուկյանը երեկ ՀՀ Քննչական կոմիտեի կողմից ստացել է ծանուցագիր, որից պարզ է դառնում, որ  իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր կատարելու փաստի առթիվ 2021 թ․ փետրվարի 20-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով, և որոշում է կայացվել Վազգեն Մանուկյանին գործում ներգրավել որպես մեղադրյալ։ Նա այսօր կանչվել է ՀՀ Քննչական կոմիտե հարցաքննության՝ նրան մեղադրանք առաջադրելու և որպես մեղադրյալ հարցաքննելու նպատակով։

Նա նշեց, որ փետրվարի 20-ի  հանրահավաքի ժամանակ ասել է նախադասություններ, թող  իրավաբանները մեկնաբանեն, թե այդ նախադասություններն ինչ են նշանակում:

«Ես ինքս ոչ մի ցուցմունք տալու առիթ կամ պատճառ չունեմ: Չեմ ընդունում մեղադրանքը: Իմ հայտարարությունները Սահմանադրության խախտում չեն: Այս քրեական գործն իսկական քաղաքական հետապնդում է»,- ընդգծեց Վ. Մանուկյանը:

Վ. Մանուկյանն ասաց, որ փետրվարի 20-ի ելույթից նախադասություններ կվերցեն ու կարող են իրենց ուզած ձևով մեկնաբանեն. «Ես ինքս իմ մեկնաբանությունները չեմ տալու, քանի որ դա իմ գործը չէ, ես ասել եմ այն, ինչ ասել եմ, թող իրենք որոշեն՝ դա ինչ է նշանակում: Չեմ փոշմանել իմ ասածների համար»:

Նա նշեց, որ առաջին անգամ իր դեմ քրեական գործ է հարուցվել 1988 թվականին, շատ լուրջ էր վերաբերվում, սակայն հետո այնքան քրեական գործեր են եղել, նույնիսկ բանտում է հայտնվել, որ  հիմա մի քիչ ավելի հանգիստ է դրան վերաբերում:

Նրա խոսքով, Հայաստանում վերջին 2,5 տարվա ընթացքում գոնե ամիսը մեկ խախտվում է  Սահմանադրությունը, հիմնական օրենքները, ընդ որոշում երկրի ղեկավարի կողմից. «Մեկը, որ ինձ համար ճչացող է՝ պատերազմի խայտառակ պարտությունից հետո արդեն ոչ ռազմական  վիճակում շարունակում է  տալ Սյունիքի հողերը: Դա ամենամեծ հանցագործությունն է, որը կարող է կատարվել և Սահմանադրության ամենամեծ խախտումը: Կարծում եմ՝  իր դեմ պետք է քրեական գործեր հարուցել և հետապնդել»:

«Մի բան հայտնի է, որ համաժողովրդական կոչ է՝ Փաշինյանը պետք է հեռանա: Ես  այս պահանջն իրականացնողներից մեկն եմ:  Ցանկացած վիճակում ես կշարունակեմ հետապնդել ժողովրդի ցանկությունը:

Եթե ինձ կալանավորեն, հազարավոր մարդիկ կան, ովքեր կշարունակեն այդ պայքարը, քանի որ այս պայքարն իմ քմահաճույքը չէ, իսկապես համաժողովրդական փրկության միակ ելքն է ազատվել այս վարչապետից, կառուցել նորից նոր դեմոկրատական, ազգային պետություն: Սա մեր ժողովրդի ցանկությունն է և ժողովուրդն իր ցանկությունը կկարի՝ անկախ նրանից՝ ես կալանավորված եմ, թե ոչ»,- ասաց Վազգեն Մանուկյանը:

Նա նշեց, որ լուրջ է վերաբերում գործին, ուղղակի մեծ անհանգստություն չունի, քանի որ կարևորագույնն այս պայքարի շարունակությունն է. «Իմ դեմ քրեական գործ կհարուցեն, չեն հարուցի, կկալանավորեն չեն կալանավորի, համոզված եմ, որ այս գործը շարունակվելու է: Ինձ համար ամենակարևորն այդ գործն ավարտին հասցնելն է՝ Փաշինյանին քշել այդտեղից»:

Վազգեն Մանուկյանի խոսքով, Փաշինյանն այս պետությունը սեփականաշնորհել է: 

«Ինքը չի էլ իմանում, թե ինչ է  նշանակում իշխանություն: Զարմացած է, որ ինչ ասում ես, կատարում են, բյուջի փողը ոնց ուզես, կարող ես ծախսել, ինչ ուզես՝ կանես: Իր մոտ դա զարմանք է առաջացանում, հատկապես  իր կողքին էլ մի քանի հոգի կային, որ սրճարաններում բացի  սուրճ խմելուց ուրիշ բան չէին տեսել, իսկ հիմա գինի ու ավելի թանկարժեք բաներ են խմում: Հիմա այդ մարդկանց փոքր խումբն ուզում է  որոշել մեր ազգի ճակատագիրը: Չի ստացվի: Կձերբակալեն մեկին, չեն ձերբակալի, երկրորդական է:  Փրկության շարժումը իսկապես կարող է փրկել Հայաստանը: Չեմ ասում միակն է, կան բազմաթիվ խմբեր, նույն խնդիրն են հետապնդում, եթե միասնական պայքարեն, կհասնենք մեր նպատակներին»,- ասաց նա:

Similar Posts