նորություններ | Հասարակություն | Քաղաքականություն

Հայաստանի հանրապետությանը արժեքային հեղաշրջում է պետք

Վաղուց Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելը դարձել է առօրյա կենցաղավարություն։ Ամուր նյարդեր են պետք լսելու հանրային֊պետական հռչակված գործիչների կցկտուր մտքերը, տափակ դատողությունները, կենցաղային ջղաձգումները՝ համեմված նույնքան ինքնավստահ և հպարտ հավակնություններով։

Մենք սպառվեցինք քանիցս մեջբերելով նրանց բամբասչի և դիլետանտ խոսքերը և հեղափոխակարգ ջղաձգումները՝ բացատրելով թե ինչ աղետի առաջ ենք կանգնած, երբ պետության լծակներին տիրում են պարզունակ միջակները և մարտնչող, բայց ինքնավստահ կիսագրագետները։

Նրանք նոր արժեհամակարգ են ներմուծել՝ հանրային և պետական գործունեությունը դարձնելով սիրողական և տնավարի արվեստ, քյանդրբազություն, որտեղ չկան տաբուներ, կարմիր գծեր, ամոթ հանրային պարսավանքից։

Կա միայն բութ ինքնավստահություն, որ քաղաքական ժխորի մեջ յուրաքանչյուր տխմարություն կանցնի կգնա, իսկ վատագույն դեպքում լայնորեն կքննարկվի և նորից կանհետանա, ինչպես գրեթե ամեն օր։ Հոգ չէ, որ մենք կորցնում կամ արդեն իսկ կորցրել ենք մեր ազգային դեմքը, ինքնությունը, լավի և վատի, գեղեցիկի և տգեղի, խելքի և տխմարության սահմանները։

Դրանք սերտաճել են և դարձել նոր արժեհամակարգ, պետական կառավարման ձև, մոդել, կուզեք կոչեք օխլոկրատիա կամ տնավարի ժողովրդավարություն։Պարզապես այս գաղջը պետք է ոչնչացնել, այս ամենաթողությունը պետք է սրբել։ Դա պետք է լինի նոր արժեքային ”հեղաշրջման” միջոցով, արմատացած բարքերը քանդելու և ճշմարիտ հայկական ժողովրդավարություն կառուցելու միջոցով։

Վահե Թորոսյան
իրավաբան, դասախոս

Similar Posts