Հայաստանի արտգործնախարարը Սուրբ Աթոռի արք. Պոլ Ռիչարդ Գալագերի հետ քննարկել է գերիների հարցը
Մարտի 31-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար արք. Պոլ Ռիչարդ Գալագերի հետ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքէջից։
ԱԳ նախարարը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ առավել խորացնելու և ամրապնդելու Սուրբ Աթոռի հետ պատմական և հոգևոր համընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել սերտ երկխոսության և բարձր մակարդակով շփումների դինամիկայի ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ:
Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է ռազմական գործողությունների դադարեցմանը և պատերազմին հաջորդած շրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Ֆրանցիսկոս Պապի կոչերը:
Բացի այդ, ՀՀ ԱԳ նախարարը Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարին ներկայացրել է թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար հարցերի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Որպես անհապաղ լուծում պահանջող հարց՝ նախարարը շեշտել է ադրբեջանական կողմի պատանդառության մեջ գտնվող հայ գերիների անվտանգ հայրենադարձումը:
Ընդգծելով Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանության հրատապությունը՝ Արա Այվազյանը խստագույնս դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների կողմից քրիստոնեական մշակութային արժեքների միտումնավոր պղծման և ոչնչացման քաղաքականությունը:
Այս առնչությամբ կարևորվել է միջազգային հանրության գործուն միջամտությունը: