նորություններ | Հայեր | Հասարակություն

Հայաստանի խորհրդարանը կարող է պատվո մեդալ շնորհել Վալենտինա Մատվիենկոյին

Մեր հայրենակցուհի Մարալ Նաջարյանը ազատվեց ադրբեջանական գերությունից և արդեն գտնվում է Լիբանանում։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և հավելել:

«Այս կապակցությամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, ով արձագանքեց Տաթև Հայրապետյանի կողմից նախաձեռնած ԱԺ բոլոր կին պատգամավորների նամակին և անձամբ իմ խնդրանքին՝ միջնորդի դեր ստանձնել Մարալին օր առաջ ազատելու գործում։

Պատրաստվում եմ ԱԺ խորհրդին առաջարկել տիկին Մատվիենկոյին շնորհել ԱԺ պատվո մեդալ։ Լիահույս եմ, որ մեր գործընկերների հետ համատեղ ջանքերը թույլ կտան օր առաջ վերադարձնել բոլոր ռազմագերիներին և գերեվարված անձանց»,- գրել է Հայաստանի խորհրդարանի նախագահը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից գերեվարված Մարալ Նաջարյանն ազատ է արձակվել ու վերադարձել է տուն` Բեյրութ:

Լուրը հաստատել է նաև Լիբանանում Հայաստանի դեսպանությունը:

Նա Հայաստանի և Լիբանանի քաղաքացի է։

Մարալը գերեվարվել էր 2020 թ․նոյեմբերի 10-ին՝ Բերձորում, ուր մեկնել էր անձնական իրերը վերցնելու։

Գերեվարվել է նաև Նաջարյանի հետ Բերձոր մեկնած մեկ այլ լիբանանահայ՝ տաքսու վարորդ Վիգեն Էուլջեքյանը, որին Ադրբեջանը ներկայացնում է որպես 2500 դոլարի դիմաց կռվող վարձկան, նրան 5 մեղադրանք է առաջադրվել։

Հայտնի է նաև, որ Մարալ Նաջարյանը նախորդ տարվա օգոստոսի 4-ի Բեյրութում հնչած պայթյունից հետո՝ օգոստոսի 29-ին, քրոջ հետ տեղափոխվել էր Հայաստան:

Հավելենք նաև, որ Լիբանանի արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով նախարար Շարբել Վեհբեն երախտագիտության խոսք է հայտնել Ադրբեջանի կողմից գերեվարված լիբանանահայ Մարալ Նաջարյանի ազատ արձակման ու Լիբանան վերադարձի ուղղությամբ ջանքեր ներդրած կառույցներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Լիբանանի ազգային գործակալությունը:

«Վեհբեն շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ում ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել Նաջարյանի ազատ արձակումը, մասնավորապես՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությանը, Ադրբեջանին և Հայաստանին»,- ասվում է ազգային գործակալության հրապարակման մեջ:

Similar Posts