նորություններ | Էկոնոմիկա | Հասարակություն

Հայաստանի հանրապետությու՞ն, թե՞ վարկառուների միություն

Հայտնի կատակը, կարծեք, իրականություն է դառնում. եթե այսպես շարունակվի Հայաստանի հանրապետությունը կարելի է անվանել Վարկառուների միություն: Իսկ դաժան իրականությունն այն է, որ մեզնից շատերը հանրապետության դրամատներին կամ վարկային կազմակերպություններին են պարտք, պետությունը՝ Համաշխարհային բանկերին ու ֆինանսական այլ ընկերություններին:

Չվճարված վարկերի մասին տխուր պատմությունները մեզ համար վաղուց սովորական են դարձել։ Մարդիկ, որոնք չգիտեն, որտեղից ձեռք բերել իրենց համար կենսական գումարը, դիմում են միակ միջոցին` վարկերին։ Բայց միշտ չէ, որ լավ գովազդված «ֆինանսական շտապ օգնությունը» վարկառուների վրա էժան է նստում։ Վարկերի չափազանց բարձր տոկոսադրույքները մարդկանց փակուղի են տանում, շատ հաճախ չկարողանալով ժամանակին ու պատշաճորեն կատարել իրենց ֆինանսական պարտավորությունները՝ քաղաքացիները կորցնում են  անգամ իրենց միակ ապրելու կացարանը, խեղվում են ճակատագրեր:

Հայաստանի բնակչության գերակշիռ մասը, այս կամ այն անհրաժեշտությունից ելնելով՝ ստիպված դիմում է բանկերի կամ տարբեր վարկային կազմակերպությունների՝ քաղաքակիրթ աշխարհի համար անհասկանալի, Հայաստանի համար՝ սովորական դարձած երկնիշ տոկոսադրույքով վարկեր վերցնելով: Ավելին, մարդիկ վարկ են վերցնում՝ իրենց իսկ վարկը փակելու համար, հայտնվելով անելանելի դրության մեջ: Ֆինանսական գործունեություն, թե՞ ռեկե՞տ, կենսամակարդակի բարելավու՞մ, թե՞ հասարակության դանդաղ կործանում. Կենտրոնական Բանկը, ՀՀ իշխանություններն, առհասարակ, իրենց պատկան ու իրավասու մարմիններով, մեթոդաբանությամբ պետք է էական ու արմատական բարեփոխումներ կատարեն այս ոլորտում, այլապես այն դառնալու է մեր հասարակության համար անդառնալի ու կործանարար խոցերից մեկը…

Անցյալ տարվա օրինակն արժե կիրառել նաև այս տարի, քանի որ Հայաստանում նշյալ խնդիրը արդիական է, իսկ մարդկանց կենսամակարդակը, սոցիալական դրությունը հաստատապես ավելի վատ է նախորդ տարվա համեմատ։ Այսինքն գնալով ավելի է վատթատարանում ժողովրդի վիճակը։ Իսկ ի՞նչ եղավ 2020 թվականին։ Հայաստանում գործող բոլոր առևտրային բանկերը տրամադրեցին «վարկային արձակուրդ»՝ այլ կերպ ասած վարկերի վճարումների հետաձգման հնարավորություն։ Յուրաքանչյուր բանկ իր հաճախորդներին տեղեկացրեց և հայտարարեց հետաձգված վճարումների ժամկետի և այլ պայմանների մասին: Հայտարարվեց նաև, որ կախված ստեծված իրավիճակի հետագա զարգացումներից այդ ժամկետները կարող են նաև վերանայվել։

2020 թ․ մարտի 20-27-ը Հայաստանի բանկերը վերանայել են 96 հազար 838 ֆիզիկական անձանց և 3 հազար 395 իրավաբանական անձանց վարկերի պայմաններ: Վերանայված վարկերի ճնշող մասի դեպքում բանկերը տվել են վարկային արձակուրդ՝ երբեմն մի քանի ամսով: Վերանայված վարկերի ծավալը կազմել է շուրջ 200 միլիարդ դրամ:

Ի լրումն թեմայի․ բնականաբար չպե՛տք է մոռանալ, որ մեր երկրում, որտեղ պաշտոնապես 30% աղքատներ են, իսկ ոչ պաշտոնապես՝ ավելի շատ, դժվար է պատկերացնել առանց վարկերի որոշակի սոցիալական կամ տնտեսական խնդիրներ հաղթահարելը: Այսինքն վարկային քաղաքականությունը ձևավորելիս պետք է հաշվի առնել հենց այս գործոնը, բայց այլ առանձնահատկությամբ. ոչ թե կեղեքել, այլ օգնել վարկառուին. այն է՝ իջեցնել տոկոսադրույքները, սահմանել հանրամատչելի վարկեր: Եվ սա, ի դեպ, ավելի հեռատեսական է նույն բանկերի ու վարկային կազմակերպությունների համար՝ հետագա գործունեության ու հաճախորդների վարկունակությանը խթանելու տեսակետից…

Արա Ալոյան

Similar Posts