նորություններ | Հայեր | Քաղաքականություն

Հայաստան․ հյուրընկալ պետություն, ոչ թե պետական հյուրանոց



Տուն, տանտեր, տնվոր, հյուրեր: Այս ամենի մասին տարրական պատկերացումներ ունի նույնիսկ դպրոցահասակ երեխան, ով ընկալում ու տարբերակում է, թե դրանցից յուրաքանչյուրն ինչ է նշանակում, ինչ արժեք ունի, ինչով է բաղադրվում ու դրսևորվում:

Հայրենիքից մինչև հայկական հյուրասիրության կամ պատկերավոր ասած՝ Եվրոպատուհաններ – ի՞նչ վիճակում է Հայոց Տունը՝ Հայաստան և Արցախ բնօրրաններով, մե՞նք ենք մեր սեփական տանը որպես հյուրանոցի վերաբերվում, թե՞ օտարը, ե՞րբ ենք տանտիրոջ մեծամտությանն ու հավակնություններին ստորադասելու տան ու երկրի ծառայի հոգեբանությանը, ե՞րբ ենք սեփականատիրոջ նկրտումներից հրաժարվելու հանուն Մեծ Ընտանիքում կարգուկանոնի հաստատման, հանուն խաղաղության ու համերաշխության: Թե՞ շարունակելու ենք նեղանալ օտարի դիտողություններից, մերոնց քննադատություններից՝ մեր հարազատի տնամերձ տարածքի մատույցներում ցանկապատ կառուցելով և բավարարվելով սեփական անձի, ընտանիքի կամ կուսակցության կեցությամբ ու օրաբավ շահերով…

Հարցերն, իհարկե, և՛ հռետորական են, և՛ մանրազնին վերլուծության արժանի, որովհետև արագ զարգացող աշխարհում, օրինակ, Ազնավուրով պարծենալու հետ մեկտեղ պետք է նաև հեռացող մոհիկանի թիկունքում ունենանք արվեստասեր սերունդ, մշակութահենք հանրային ու քաղաքական գործիչներ, գիտելիքաբովանդակ պաշտոնյա:

Քանի դեռ ինքնակրթվելու, սովորելու, դասեր քաղելու համապետական, համազգային համեստություն ու ինքնասիրություն չունենք, օտարները շարունակելու են գալ ու հոխորտալ, գալ ու ինքնահաստատվել, գալ ու տնվորի պահանջներ ներկայացնել մեզ, թեպետ, ըստ էության, նրանց առարկումներում և նկատողություններում գերիշխի ճշմարտությունը կամ նրանց խոսքերում և գործերում նկատվի մարդկային պարզ սրտացավություն ու բարեկամի կամք… Բա՜յց, այդ ամենը հյուրախաղային էֆեկտ է ապահովելու իրենց համար, իսկ մեզ համար դառնալու է, պատկերավոր ասած, օտարալեզու ֆանտաստիկ գրականություն: 

Մենք, պատկերավոր ասած, պետք է ձերբազատվենք հանրակացարանի բնակչի, վարձակալի կամ վարձակալության ապրողի հոգեբանությունից, դադարենք մեզ հանճարեղ ռեմոնտչիկ երեվակայել՝ մեր տունը վերածելով էքպերիմենտի, մոռանալով, որ շքեղ եվրանորոգումն էլ չի փրկի տունը քայքայումից, եթե պատերը թույլ են, հիմքը խախուտ է, իսկ բնակվողը գործազուրկ է ու հիվանդ…

Գերխնդիրն այսօր ՀՀ քաղաքացու, հայ ժողովրդի կենսական հիմնահարցերի՝ օր առաջ  կարգավորումն է, որովհետև անընդհատ խոսել խնդիրների մասին, անընդհատ խոսել հիվանդի ու հիվանդությունների մասին պատիվ չի բերում ինչպես ասում են ո՛չ բժշկին, ո՛չ հիվանդին, ո՛չ էլ՝ հիվանդապահին: Անառողջ գործընթացներում, աղետալի ու ճգնաժամային կացության մեջ հայտնված մարդու համար պորտֆելների, իշխանության բաժանումը առ ոչինչ չէ, եթե պատասխանատվության ու դժվարությունների բաժանում չի ենթադրում: Եվ խնդիրն ամենևին չպետք է դիտարկել  կուսակցական, քաղաքական համակրությունների և հակակրությունների ոլորտում, անձերի մակարդակում, նեղմիտ վերացարկումներից անդին է կյանքը, որ օրեցօր բարդանում է և հեռանկար չի խոստանում: Համաձայնությունների կամ տարաձայնությունների առանցքը սա՛ պետք է լինի, ելակետը՝ ոչ թե համաքաղաքական, այլ համազգային դաշնակցումը, համախմբումը՝ հանուն ՄԵԿ ՆՊԱՏԱԿԻ՝ Արժանապատիվ ու Բարեկեցիկ Կյանքի…

Համընդհանուր չափման մեջ արձանագրենք նաև, որ մոլորակն այդպես էլ չհասավ Ընդհանուր Տա՛ն, համակեցությա՛ն գաղափարին, որտեղ կլինեն հյուրասիրություններ, հյուրասենյակներ ու նույնիսկ խաղասենյակներ: Մենք ու աշխարհը տուն կառուցելու և տուն շենացնելու փոխարեն, համերաշխ ապրելու և փոխըմռնումի, փոխհարգանքի փոխարեն, ինչպես ասում են տուն-տունիկ խաղացինք:

Ռուբեն Արամյան

Similar Posts