նորություններ | Քաղաքականություն

Հայկական Քաղավիացիան՝ սկանդալի կենտրոնում․ Փաշինյանի նախկին խորհրդականը փակագծեր է բացել

Նիկոլ Փաշինյանի՝ ավիացիայի հարցով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանն անդրադարձել է Քաղավիացիայի կոմիտեի հաղորդագրությանն այն մասին, թե ինչպես է ամերիկյան արտադրության հայկական գրանցմամբ օդանավը հայտնվել Իրանի մայրաքաղաքում.

Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.

«Օդանավի ԱՌԵՎԱՆԳՈւ՞Մ,

ԽԱԲԵՈւԹՅՈւ՞Ն,

Թե՞  ՄԻՏՈւՄՆԱՎՈՐ ԱՆԳՈՐԾՈւԹՅՈւՆ

Արար 2.  (կամ)

«ՔԱԿ- уполномочен заявить… »

Ուղիղ 10 օր առաջ` Փետրվարի 22-ի գիշերը,
Ես գրառում կատարեցի հայկական գրանցում ունեցող, EK-FAA գրանցման նիշերով, հայկական «Ֆլայ Արմենիա» ավիաընկերության Օդանավ Շահագործողի Վկայականում գտնվող Բոինգ 737-300 օդանավի` առեղծվածային կերպով Թեհրանում հայտնվելու մասին:

Եվ կատարեցի վերոնշյալ 3 հարցադրումները՝ ի՞նչ էր սա` առևանգու՞մ, խաբեությու՞ն, թե՞  պրոֆեսիոնալ անճարակություն:

Ընդ որում ես օդանավի հնարավոր առևանգման մասին տեղեկությունն ստացել եմ գրառմանս նախորդող` կիրակի օրը երեկոյան: Եվ ինձնից պահանջվեց ընդամենը 30-35 րոպե և´ օդանավը, և´ նրա գրանցման համարը,  և´ շահագործող ավիաընկերությունը, և´ կատարած երթուղին իր մանրամասներով հայտնաբերելու համար: Չեմ մանրամասնի ինչպես:

«Հետք» լրատվականում Վահե Սարուխանյանը մանրամասն ներկայացրել էր իր անձնական հետազոտությունը: Եվ բացարձակ ճշտությամբ ստացել էր նույն պատկերը: Ընդգծեմ` ԼՐԱԳՐՈՂ Վահե Սարուխանյանը, ոչ ավիացիոն իշխանությունների անվտանգության տեսուչը:

Իմ գրառումից հետո, հաջորդ օրը Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեն հայտարարություն տարածեց, որ «…առևանգման մասին տեղեկություն չենք ստացել  (ուշադրություն) համապատասխան մարմիններից…»

Ովքե՞ր են էդ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ, եթե ոչ դուք: Նույն ՔԱԿ-ը նոր հայտարարություն է տարածել, որը ես կամաչեմ որակավորել:

Հիմա հերթով`

ՔԱԿ բացատրությունից ստացվում է, որ տաջիկ օդաչուներն են առևանգել օդանավը:

Չեմ հավատում: Օդաչուն` առանց ավիաընկերության կողմից նախօրոք տրված պլանի,  թռիչքուղի չի ընտրում:

Նախնական պլանը տրվում է, տարանցիկ երկրների օդային տարածքի օգտագործման և վայրէջքի օդանավակայանի թույլտվությունները հարցվում են 2-3 օր առաջ (ըստ երկրների պահանջի):

Այնպես որ Տալլին-Վառնա թռիչքը նախապատրաստվել է այն կատարելուց ամենաքիչը 2 օր առաջ:

Իսկ օդաչուներն իրենց աշխատանքը սկսում են թռիչքից ընդամենը 1-1,5 ժամ առաջ:

Տալիս են արդեն նախօրոք հայցված, և ստացված թույլտվությունների հիմքով կատարվող թռիչքի կատարնան պլանը:

Դուք դեռ չգիտե՞ք ով է տվել պլանը և ինչ երթուղով:

Ընդգծում: Օդաչուների թռիչքային վկայականները վավերացվել են ՀՀ ՔԱԿ-ի կողմից «…համաձայն օրենքի…»։ Նույնը վերաբերվում է Վառնա-Թեհրան թռիչքին: Եվ հատկապես այդ հատվածին:

Թռիչքը  կատարվել է`
ա) Թուրքիայի տարածքով,
բ) համաձայն ՔԱԿ տեղեկության` «…ուղղություն է վերցրել դեպի էմիրաթական Շարժա…»

Հարց 1.
Տաջիկ օդաչուները Վառնայում գիշերել են Փետրվարի 19-ին: Ե՞րբ են շահագործող ընկերությունն ու հպարտ «ավիացիոն իշխանություններն» իմացել դրա մասին:
իմ գրառումից հետո՞:

Հարց 2.
Քանի՞ օր է պետք Թուրքիայի վրայով թռչելու թույլտվությունը ստանալու համար:
Միայն չասեք, որ տաջիկ առևանգող-օդաչուները եկել են օդանավակայան, խզբզել flight plan-ը, ու առանց սպասելու թռել, մտել Թուրքիայի տարածք, և անարգել հատել երկիրն ամբողջ երկարությամբ:

Հարց 3.
Ո՞նց են «ուղղություն վերցրել դեպի էմիրաթական Շարժա…»
Առանց IOSA աուդիտի առկայության (միջազգային ամենահեղինակավոր աուդիտներից մեկն է) Էմիրությունների օդային տարածքը փակ է հայկական գրանցմամբ օդանավերի համար:
«Ֆլայ Արմենիան» ունի՞ այդպիսի աուդիտ:

Կամ գոնե հատուկ թույլտվություն տեխնիկական վայրէջքի համար:
Եթե այո` ցույց տվեք: Եթե ոչ` ցույց տվեք նրա կեղծ օրինակը, որը ներկայացվել է Վառնայի օդանավակայանում` թռիչքի թույլտվության համար:

Երկար ստացվեց:

Շատ գրեմ` չեք կարդա:
– «Նավթի հետ ունեցած խնդիրների» (ըստ ՔԱԿ հայտարարության),
– օդանավի առկա տեխնիկական վիճակի (նույնպես ըստ ՔԱԿ հայտարարության),
– օդանավի տեխնիկական վիճակի հավաստագրմանը դրա հետ առընչություն չունեցող իրանական կողմի մասնակցության (միգուցե ունեցո՞ղ),
– ՀՀ ավիացիոն իշխանությունների պարտականությունների (ըստ «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքի և ՔԱԿ Կանոնադրության),
– այս ամենում ՔԱԿ դերակատարության (պետք է ճշտի ԱԱԾ-ն),
և այլ հարցերի մասին կգրեմ Արար 2-ի հաջորդ մասում»:

Ի լրումն թեմայի, քիչ առաջ տեղեկություն ստացվեց այն մասին, որ Իրանի քաղավիացիայի վարչության խոսնակը հերքել է երկրի օդային տարածքում հայկական ավիաընկերությանը պատկանող Boeing 737 ինքնաթիռի անհետանալու մասին լուրերը։

Ինչպես ասում են, no comment…

Similar Posts