նորություններ | Իրադարձություններ | Հայեր | Քաղաքականություն

Հայ գերիների հարցը լրացուցիչ հուզական նշանակություն կստանա ապրիլին․ Washington Post

Վերլուծաբան Դեյվիդ Իգնատիուսը Washington Post-ում հրապարակված հոդվածում անդրադառնում է Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, Լեռնային Ղարաբաղի պատերազմին ու Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիներին։ Panorama.am –ի փոխանցմամբ, Իգնատիուսը, մասնավորապես, գրում է, որ Ադրբեջանը մինչ այժմ հրաժարվել է վերադարձնել ավելի քան չորս տասնյակ հայ գերիներին, որոնք գերեվարվել են Լեռնային Ղարաբաղի արյունալի պատերազմից հետո։


«Գերիների հարցն անցած աշնանը տեղի ունեցած պատերազմի դառը ժառանգությունն է, որի ընթացքում Ադրբեջանի ուժերը, որոնց աջակցում էին թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերը, վերականգնեցին վերահսկողությունը լեռնային տարածաշրջանի մեծ մասի վրա, որը պաշտոնապես Ադրբեջանի մաս է կազմում, բայց կառավարվում էր նրա մեծամասնությամբ հայ բնակչության կողմից 1994-ի անկախության պատերազմից հետո: Հայաստանն ասում է, որ կորցրել է ավելի քան 4000 զինվոր, ինչը ահռելի թիվ է փոքր ժողովրդի համար»,- գրում է Իգնատիուսը: Անցյալ տարվա նոյեմբերին Ռուսաստանը միջնորդեց և կնքվեց հրադադարի համաձայնագիրը, խաղաղապահ զորքեր ուղարկեց՝ ամրապնդելով իր գերակայությունը Կովկասի տարածաշրջանում: Բայց հակամարտության հետցնցումները շարունակվում են, հատկապես Հայաստանում, որտեղ սպասվում են խորհրդարանական ընտրություններ: «ԱՄՆ պաշտոնյաները ասում են, որ 52 հայեր դեռ գտնվում են Ադրբեջանում՝ չնայած ավելի վաղ գերիների փոխանակմանը: Բաքվի կառավարությունը պնդում է, որ այդ ձերբակալվածները պատերազմի զինվորներ չեն եղել, բայց հրադադարից հետո վիճելի տարածք են մտել նոյեմբերի վերջին ու ահաբեկչության մեջ կասկածվողներ են․ պնդում, որը Հայաստանը հերքում է։ Եվրոպայում պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Ռիկերը փետրվարին հեռախոսազանգի ժամանակ բարձրացրեց գերեվարվածների հարցը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ և խնդրեց, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն թույլ տա այցելել բանտարկյալներին: ԿԽՄԿ-ին անհապաղ մուտքի իրավունք տրվեց: Հաջորդ շաբաթներին ԱՄՆ պաշտոնյաները շարունակեցին պաշտպանել ձերբակալվածներին ազատ արձակելը: «Մենք հույս ունենք, որ ավելի շատ ձերբակալվածներ ազատ կարձակվեն։ Մենք բանակցություններ չենք վարում, բայց նրանց հորդորում ենք բարի կամք դրսևորել», – ասաց Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։

Դիտորդները հույս ունեին, որ Ադրբեջանը կարող է ազատ արձակել հայ գերիներին որպես բարի կամքի նշան մարտի 20-ին Նովրուզի առիթով: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաներում է շնորհել 148 գերիների, այդ թվում լրագրողների, ընդդիմադիր քաղաքական գործիչների և իրավապաշտպանների: Բայց հայ կալանավորվածները մնացին անազատության մեջ»,-բասվում է հոդվածում։ «Ադրբեջանցիներն առաջ են տանում իրենց կեղծ պատմությունն այն մասին, որ այդ մարդիկ ռազմագերիներ չեն, այլ հանցագործներ, քանի որ նրանք պատերազմից հետո են գերեվարվել», – հարցազրույցի ժամանակ ասել է Վաշինգտոնում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը: Դեսպանն ասել է, որ նոյեմբերի 10-ին պատերազմի ավարտվելուց ի վեր Ադրբեջանի կողմից «կարգավորման կամ հաշտեցման իրական փորձ չի եղել»:

Նշվում է, որ Կոնգրեսի անդամները սկսել են ճնշում գործադրել Ադրբեջանի վրա այդ հարցի շուրջ: Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահ Ադամ  Շիֆի գլխավորած մի խումբ մարտի 16-ին օրինագիծ ներկայացրեց, որով Ադրբեջանին կոչ է արվում անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և գերեվարված բնակիչներին: Հիշեցվում է Human Rights Watch-ի մարտի 19-ի զեկույցն այն մասին, որ ադրբեջանական ուժերը պատերազմից հետո խոշտանգել են հայ ռազմագերիներին՝ հիմնվելով չորս նախկին գերիների հետ հարցազրույցների վրա: ՀՀ դեսպան Ներսեսյանը պնդում է, որ ադրբեջանական ուժերը ոչնչացնում կամ վնասում են նաև եկեղեցիները և կրոնական հուշարձանները պատերազմի ընթացքում իրենց գրաված տարածքներում: Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը հարցազրույցի ժամանակ ասել է, որ Ադրբեջանը մերժում է Human Rights Watch-ի եզրակացությունները, բայց բանտարկյալների նկատմամբ վատ վերաբերմունքի վերաբերյալ ցանկացած լուրջ մեղադրանք կքննվի: Նա նաև վիճարկել է հայկական կրոնական վայրերին հասցված վնասի մասին լուրերը և մեջբերել անցյալում ադրբեջանական մզկիթներին հասցված վնասների հակադարձ հայցերը: «Երկու կողմից էլ շատ ցավ կա, և մենք պետք է դա ընդունենք», – ասել է նա:


«Գերիների հարցը լրացուցիչ հուզական նշանակություն կստանա ապրիլին, ամիս, երբ հայերն ամեն տարի հիշատակում են 1915-ին տեղի ունեցած զանգվածային սպանությունները: Յան Բրեմերը, միջազգային հայտնի մեկնաբան, վերջերս թվիթերում գրել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «կկատաղի Բայդենի վարչակազմի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու քայլից»: Երկուշաբթի օրը վարչակազմի մի պաշտոնյա պատասխանեց. «Որպես Նախագահի թեկնածու՝ նախագահ Բայդենը ոգեկոչեց Օսմանյան կայսրության վերջին տարիներին իրենց կյանքը կորցրած 1.5 միլիոն հայ տղամարդկանց, կանանց և երեխաների: Նա այն ժամանակ ասաց, որ մենք երբեք չպետք է մոռանանք կամ լռենք այս սարսափելի իրադարձության մասին: Մենք հավերժ կհարգենք հայ ժողովրդի տոկունությունը՝ նման մեծ ողբերգության ֆոնին»: Վարչակազմի մեկ այլ պաշտոնյա ասաց, որ կոտորածների պաշտոնական ճանաչման վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել: Այս տարվա ոգեկոչումը հատկապես դառն է լինելու՝ անցյալ տարի Լեռնային Ղարաբաղի պատերազմում Հայաստանի պարտության և դրան հաջորդած տառապանքի պատճառով»,-ասվում է հոդվածում:

Similar Posts