նորություններ | Հասարակություն

Մարդու իրավունքներ առանց իրավազոր Մարդո՞ւ

Մեր օրհասական և ճգնաժամային օրերում, երբ խաթարված են Մարդու հիմնարար իրավունքները, երբ Հայաստանի քաղաքացին, հասարակությունն ու պետությունը գոյում են ոչ թե պատմագիտական դասական տրիպարտիզմի՝ եռակողմ ներդաշնակության սկզբունքով, այլ կռիլովյան հայտնի առակի՝ կարապի, գայլաձկան և խեցգետնի տարաբեվեռությամբ, այդուհանդերձ, բոլոր բարեփոխումները պետք է սկսել ոչ թե տեսական, այլ գրված ու չգրված օրենքները գործադրելու ամենից ուղիղ և պարզ ռազմավարությունից: 

Ի դեպ, կարևոր նկատառում իշխանությունը որպես գենետիկ ու պապական գանձարանի վերաբերողների համար: Երբ կառավարական օթյակներում և գրասենյակներում, իբր բարձրագույն սրտացավությամբ և երկրի սակավ միջոցները տնտեսելու պատճառաբանությամբ մերժում եք հասարակության տարբեր խմբերի իրավունքների պաշտպանությամբ հանդես եկողների առաջարկությունները, բարոյականություն և անձնական պատվախնդրություն ունեցեք հրաժարվելու նաև վարչական ու աշխատանքային զանազան ճոխություններից, որոնց մասին ժողովուրդն արդեն ոչ թե լեգենդներ է հյուսել, այլ համոզվել է նույնիսկ հայտագրերին և տարատեսակ հաշվետվություններին հպանցիկ ծանոթանալով…

Թարգմանիչների, գործուղումների, փոխադրամիջոցների և, հազա՜ր ներողություն, նույնիսկ զուգարանի թղթի վրա միլիոններ փոշիացնելու ժամանակ արդյո՞ք խաթարվում է ձեր խղճի բնականոն գործունեությունը և դա է՞, միթե, պատճառը, որ շղթայական ռեակցիայով, կարծեք, խափանվում են ձեր տեսողական, զգացական և ընկալունակ այլ հատկությունները ծայրահեղ կարիքի մեջ ապրող մարդկանց, ընչազուրկ ու բազմազավակ ընտանիքների, բազում այլ կարիքավոր քաղաքացիների խնդիրների նկատմամբ: Եվ ի՞նչ ինքնասիրությամբ ու համարձակությամբ եք շարունակում խոսել նրանց դարդուցավի մասին, ավելին՝ զորում նրանցից վստահության քվե մուրալ ընտրություններից ընտրություն ընկած միայն ձեզ համար գերճակատագրական շրջափուլում:

Պարոնայք կառավարիչներ, աղքատ երկրի ամենաաղքատ խավին չօգնելու կարողություն չունեցող կամ այդ նպատակով միջոց չտրամադրող պետությունը իրավունք ունի՞ առհասարակ իրեն պետություն կամ իշխանություն համարել:  Այն, որ բազմազավակ ընտանիքներին վերաբերող օրենքը ոչ միայն հավուր պատշաճի չի գործում, այլև բարելավվելու կարիք ունի, շարունակում են պնդել բազմաթիվ մասնագետներ՝ նկատի առնելով Հայաստանի օրեցօր խորացող սոցիալ-տնտեսական ճգնաժամը և դրա առաջին ու անդառնալի հարվածները կրող բազմազավակ ընտանիքներին, որոնք, համարվում են մեր երկրի ամենաղքատ սոցիալական խումբը:

Չափազանցրած չենք լինի, եթե ասենք ու առաջարկենք, որ բազմազավակ մայրերին տրվի հերոսուհու կոչում, բացի այդ, պետական տոնացույցում մեկ օր էլ ամրագրվի և հայտարարվի բազամազավակ մայրերի օր: Դա նաև հոգեբանական լուրջ քաջալերանքի դրսևորում կարող է լինել, որովհետև ցանկացած սոցիալական, ֆինանսական օժանդակության հիմքում պետք է դնել սոցիումի և մարդու արժևորման փիլիսոփայությունը՝ մարդկային վերաբերմունքի տարրական և բարձրագույն արտահայտությամբ: Գլխավորը, ի վերջո, ընտանիքի ներսում եղած ջերմությունն է, իսկ այդ ընտանիքը և անհատական է և հանրային ու պետական, եթե ազգովին դեռ արժանապատիվ կեցության ու զարգացման հավակնություններ ու վճռականություն ունենք…

Similar Posts