նորություններ | Քաղաքականություն

Մարտի մեկն ու մարդամեկը

Մարտի 1-ը նորանկախ Հայաստանի տարեգրության մեջ ամենաողբերգական ու միաժամանակ ամենից ամոթալի էջերից մեկն է, որ դեռևս ու տարաբախտաբար չի փակվել։

Իսկ ի՞նչ եղավ Մարտի 1-ին։ Եկեք վերհիշենք։

Ուղիղ 13 տարի առաջ, 2008 թ․Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը Հայաստանի սրտում՝ Երևանում տեղի ունեցան իրադարձություններ, հետընտրական զանգվածային բողոքի գործողություններ, անկարգություններ, ոստիկանության հետ բախումներ։

Այդ ամենի հետևանքով զոհվեց 10 (2 ոստիկան, 8 քաղաքացիական անձ) և վիրավորվեցին հարյուրավոր ոստիկաններ, զինծառայողներ և քաղաքացիական անձինք: Ահա եղերական այդ դիպվածի պատճառով զոհվածների ցանկը․

Համլետ Թադևոսյան (ոստիկան)
Տիգրան Աբգարյան (ոստիկան)
Զաքար Հովհաննիսյան
Սամվել Հարությունյան
Գրիգոր Գևարգյան
Հովհաննես Հովհաննիսյան
Տիգրան Խաչատրյան
Արմեն Ֆարմանյան
Դավիթ Պետրոսյան
Գոռ Քլոյան

Անկարգությունները կանխելու նպատակով 1 ամիս ժամկետով Երևան քաղաքում հաստատվեց արտակարգ դրություն:

Իրադարձությունները սկսել էին ակտիվորեն զարգանալ փետրվարի 20-ից, երբ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները Երևանի Ազատության հրապարակում հիմնեցին շուրջօրյա ճամբար և սկսեցին կազմակերպել հանրահավաքներ, բողոքի այլ գործողություններ:

Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցները, որոնց թվում նաև այսօրվա վարչապետ Նիկոլ Փաշինյանը (որին, ի դեպ, վերապահվել էր այսպես ասած կուլտմասավիկի, հիմնական կազմակերպիչներից մեկի դերը) չէին ընդունում ընտրությունների արդյունքները և պնդում էին, որ նախագահ է ընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը։

Մարտի 1-ի իրադարձությունների առանձին դեպքերով կայացվել են դատավճիռներ, սակայն մինչև օրս ամբողջական դեպքերի վերաբերյալ չի եղել դատական գործընթաց:


Տարբեր քաղաքական ուժեր, հասարակական շրջանակներ այս իրադարձությունների վերաբերյալ ունեն ոչ միանշանակ դիրքորոշում: Որոշները մեղադրում են այն ժամանակվա գործող իշխանություններին, իսկ ոմանք էլ ցույցերը կազմակերպողներին՝ ի դեմս Լևոն Տեր Պետրոսյանին ու նրա նախընտրական շտաբի ներկայացուցիչներին:

Համացանցում տարածվել են այդ օրերի մասին վկայող ուշագրավ ձայնագրություններ, որտեղ հայտնի իրադարձությունների կազմակերպիչները, օրինակ՝ Ալեքսանդր Արզումանյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Նիկոլ Փաշինյանը պարբերաբար կապ են հաստատում միմյանց հետ և որոնց զրույցից պարզ է դառնում նրանց հանցավոր մտադրությունը՝ ամեն գնով հասնել իշխանափոխության, խտրություն չդնելով գործողությունների և մարդկային ճակատագրերի մեջ։

Եվ հիմա Նիկոլ Փաշինյանը, Մարտի 1-ը մշտապես քաղաքական մանիպուլյացիաների, սուր ելույթների համար օգտագործող սույն անձը, որ նաև այդ ողբերգական իրադարձությունների մեղավորներից ու պատասխանատուներից մեկն է, ոչ ավելին, ոչ պակաս կոչ է արել այսօր՝ Մարտի 1-ի օրը իր կողմնակիցներին հավաքվել Հանրապետության հրապարակում։ Ինչպես ասում են, անպատկառությունը չափ ու սահման չունի ․․․

Similar Posts