նորություններ | Իրադարձություններ | Հասարակություն

Մտավորականը՝ լուսանցքում․ ե՞րբ կավարտվի խավարը․․․

Հայտնի ասույթ է, մտավորականներ ունենք, մտավորականություն՝ ոչ։

Բարեխիղճ, ազնիվ, երկրի ու մարդու ճակատագրով մտահոգ մտավորականներ, իհարկե, կան։ Նրանց շարքում կան տագնապ հնչեցնողներ, խնդիր բարձրաձայնողներ, առաջարկություն արողներ։

Կան նաև այնպիսիք, որոնք լռելյայն են կրում իրենց ու ազգի համընդհանուր ցավը։

Կան տաղանդավոր մտավորականներ, որոնք, սակայն, մարգինալացված են և բոլոր իշխանությունների ժամանակ հանդես են գալիս կրավորական կեցվածքով, իրենց հաց հանապազօրյան կամ իրենց փառքի դափնիները վայելելու նկրտումով։

Տաղանդավոր մտավորականը դեռ արժանապատիվ ու հայրենատեր հայ չէ։

Հայ լինելը ազգանվան հայտնի վերջածանցը չէ։

Մեր երկրին ու Արցախ աշխարհին պատուհասած վերջին փորձությունները՝ առավելապես վերջին պատերազմի դիպվածով, պետք է սրտեր, մտքեր, մարդկանց շարժեին։ Առաջին հերթին մտավորական մարդկանց։ Բայց․․․

Բայց քար լռություն է։ Այս դեպքում՝ ոչ թե անամոք ցավից, այլ ․․․վախից։ Այո, այո՛՝ համատարած վախի՛ց, որ գեներացրել ու տիրաժավորել են իշխանությունները։

Ցանկացած իշխանություն կարող է լռեցնել օրենքով, սպառնալիքներով, այլ մեթոդաբանությամբ գրեթե բոլորին, բայց ո՛չ՝ մտավորականությանն ու մշակույթի գործիչներին։

Իսկ այսօր նրանք հայտնվել են լուսանցքում, մինչդեռ պիտի առաջնորդեին դեպի լույսը։

Մտավորականներին ոչ միայն անհնար է լռեցնելը, այլ հենց նրա՛նք կարող են ու պարտավոր են մեկ խոսքով, մեկ հայացքով, մեկ ժեստով լռեցնել բոլորին՝ հանուն ընդհանուր արժանապատվության։

Ներքաղաքական վայրիվերումների այս շրջափուլում ժամանակն է, որ մտավորականները վերջնականապես հայտնվեն առաջին շարքերում։

Մենք՝ բոլորս պետք է լռելու արժանապատվություն ու կամք ունենանք այնքան, որքան մտավորականները պետք է ունենան խոսելու կամք ու արժանապատվություն։

Արա Ալոյան

Similar Posts