նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

Նախագահի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հարցի հետ կապված հարուցվել է քրեական գործ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հարցի հետ կապված հարուցվել է քրեական գործ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։

«Ինչպես հիշում եք, 53 փաստաբան հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել կապված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հետ:

Հատուկ քննչական ծառայությունը մերժել էր քրեական գործ հարուցելը, որի դեմ փաստաբաններով բողոք էինք ներկայացրել:

Պետք է տեղեկացնեմ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքի հիման վրա ՎԵՐԱՑՐԵԼ Է ՀՔԾ որոշումը եւ հարուցել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի (փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հատկանիշներով:

Դատախազության որոշման մեջ նշվել է՝ « Վերոգրյալ մեկնաբանությունների լույսի ներքո հարկ է նշել նաեւ, որ իրավաչափ են բողոքաբերների այն ենթադրությունները, որ Արմեն Սարգսյանը Միացյալ Թագավորության քաղաքացիությունը դադարեցրել է ոչ թե 2011 թվականին, այլ դրանից հետո եւ հակառակի վերաբերյալ սույն նյութերով օբյեկտիվ այլ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել, որպիսի պայմաններում առկա են ողջամիտ կասկածներ տրամադրված տեղեկատվության (դիմումի)՝ իրականությանը չհամապատասխանելու վերաբերյալ, այսինքն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու բավարար հիմքեր»,- գրել է նա։

Similar Posts