նորություններ | Քաղաքականություն

Նոր սկանդալ․ Փաշինյանի գործընկերը հայհոյել է ՄԻՊ-ին և պաշտպանել նախարարին

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ ԲՏ նախարար Հակոբ Արշակյանը նախօրեին հարձակվել էր լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա՝ բռունցքով հարվածել վերջինիս, ինչպես նաև վնասել երիտասարդին պատկանող աշխատանքային համակարգիչն ու հեռախոսը։

Կատարվածի մասին վկայող տեսանյութն արդեն լայնորեն շրջանառվում է համացանցում։

Ավելի ուշ, նախարարը ներողություն էր հայտնել կատարվածի համար, թեպետ կոնկրետ չէր նշել լրագրողի անունը։

Միջադեպին արձագանքել են բազմաթիվ գործիչներ՝ միարժեքորեն դատապարտելով իշխանության բարձրագույն ներկայացուցչի կողմից ֆիզիկական ուժի կիրառումը, հատկապես՝ մասմեդիայի աշխատողի վրա։

Մինչև ինքը՝ Հակոբ Արշակյանը ներողություն հայցող տեքստ է հրապարակել, ՔՊ հիմնադիր անդամ, ՔՊ վերահսկող հանձնաժողովի անդամ Սարգիս Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գռեհիկ հայհոյանք է հնչեցրել ՄԻՊ-ի հասցեին՝ իր աջակցությունը հայտնելով նախարարին։ Հատկանշական է, որ նրա՝ այդ գրառմանը հավանության նշան են դրել իշխող կուսակցության բազմաթիվ անդամներ։

Կատարվածին անդրադարձել է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որի տարածած հաղորդագրության մեջ ասվում է․

«Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամի կողմից հրապարակային վիրավորանք է հասցվել Մարդու իրավունքների պաշտպանին։ Որևէ մեկը՝ անկախ իր դիրքից և զբաղեցրած պաշտոնից իրավունք չունի անհարգալից վերաբերմունք ցուցաբերել ՄԻՊ նկատմամբ։ Դա արգելված է օրենքով և տվյալ անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության։ Այդ մասին ասվում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության հաղորդագրությունում:

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է․ Պաշտպանին Սահմանադրությամբ և սույն օրենքով վերապահված լիազորությունների իրականացմանը ցանկացած ձևով խոչընդոտելը, ինչպես նաև Պաշտպանին սպառնալը կամ նրան վիրավորանք հասցնելը կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելն առաջացնում են քրեական պատասխանատվություն։

ՀՀ Քրեական օրենսգրքի Հոդված 332.2-ի համաձայն Մարդու իրավունքների պաշտպանին, կապված նրա լիազորությունների իրականացման հետ, սպառնալը կամ նրան վիրավորանք հասցնելը կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով:

Իշխանության ներկայացուցիչների կողմից ՄԻՊ ինստիտուտի նկատմամբ այսպիսի վերաբերմունքը պետք է արժանանա հրապարակային խիստ դատապարտման թե՛ հանրության և թե՛ իշխանության կողմից։ Նման վարքագիծը պետք է բացառվի, իսկ նրանք, ովքեր լինելով հանրային պաշտոնյա, ողջունում են ՄԻՊ նկատմամբ հասցված վիրավորանքը և հավանության արժանացնում, պետք է զրկվեն հանրային պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից»։

Երևույթն, ինչ խոսք, արգահատելի է, մանավանդ, որ իշխանության համար թիրախ են դարձել չորրորդ իշխանության՝ Մասմեդիայի ներկայացուցիչները։ Մի իշխանություն, որի ներկայացուցիչներից շատերը, այդ թվում՝ վարչապետն ու մի շարք իշխանական պատգամավորներ մասնագիտությամբ լրագրող են։ Թե ո՞րն է այս ամենի պատճառը, կարող ենք որոշակի ենթադրություններ անել, դիցուք՝ մասնագիտական խանդը, նախկին հիշաչարությունը կամ քաղաքական նախասիրությունները։ Բոլոր դեպքերում, սա միարժեքորեն մերժելի երևույթ է՝ արժանի համակողմանի քննադատության ու պատասխանատվության․․․

Արթուր Շաքարյան

Similar Posts