նորություններ | Մշակույթ

Ու՞մ է սպասում Հանրապետության հրապարակը. Լենինից մինչև Քրիստոս

Երբ ԽՍՀՄ փլուզումից հետո, համազգային շարժման տարիներին Երևանի Հանրապետության հրապարակից ցուցադրաբար հանվեց Լենինի հսկայածավալ արձանը, դա համարվեց շարժման կարևոր քայլերից մեկը:  Հետագա տարիներին քննարկումներ սկսվեցին՝ ի՞նչ արձան կանգնեցնել մայրաքաղաքի սրտում՝ Հանրապետության հրապարակում: Տարբերակները շատ էին ու այժմ էլ քիչ չեն. Քրիստոսից մինչև Տիգրան Մեծ, Սասունցի Դավթից մինչև Հայկ:


Լենինի՝ կոմունիզմի ուրվականից ազատագրվելուց հետո նախկին արձանի այդ հատվածում խոտ աճեցվեց, փոխվեց ամբողջ ամպլուան: Որոշ ժամանակով նշյալ հատվածում տիրականորեն խոյացավ ահռելի Խաչը՝ ի նշանավորումն քրիստոնեության ընդունման 1700-ամյակի, ապա դրան փոխարինեց հսկայական էկրանը:


Տարատեսակ և իրարամերժ քննարկումները շարունակվում են առ այսօր:  Տարածքն իհարկե օգտագործվում է նաև մշակութային միջոցառումների համար, բայց, ինչպես ասում են, իրադարձությունից՝ իրադարձություն: Քաղաքացիներին այժմ էլ հուզում է այն հարցը, թե ինչ նոր կոթող, արձան կտեղադրվի Հանրապետության հրապարակում: Մեզ հետ զրույցում ճարտարագետ, «Հանուն Հայրենիքի» կազմակերպության նախագահ Ներսես Ներսիսյանը նշեց, որ Երևանի սրտում կանգնելու պատվին պետք է արժանանա հայ ցեղաշունչ քանդակագործ Կառլեն Նուրիջանյանի կերտած Հայկ Նահապետի արձանը, որ գտնվում է Երևանի Նոր Նորք վարչական շրջանում:


Հայաստանի ճարտարապետների պալատի (նախկինում՝ Ճարտարապետների միություն) նախագահ Մկրտիչ Մինասյանի դիրքորոշումը ևս լսեցինք: Մեր զրուցակիցը նշեց, որ արձանի տեղադրման համար 90-ականներին մի քանի մրցույթ կազմակերպվեց, բայց այդպես էլ որևէ ցանկալի արդյունք չգրանցվեց: Ի դեպ, պարզվում է, որ առաջարկվող նախագծերի շուրջ 60 տոկոսը եղել է կրոնական թեմայով: Ճարտարապետների պալատի նախագահը պնդում է՝ Հանրապետության հրապարակում արձան տեղադրելու ժամանակը դեռ չի եկել, պահը դեռ չի հասունացել:


Արդյո՞ք այս հարցը քաղաքապետարանի օրակարգում է, կամ համանման հայտեր ու առաջարկություններ ստանո՞ւմ են: Մեր այս հարցին էլ ի պատասխան՝ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ասաց հետևյալը.


«Պարբերաբար ինչ-որ մասնավոր առաջարկ լինում է, բայց կոնկրետ քննարկում չկա։ Ամեն դեպքում, հաշվի առնելով հարցի կարևորությունը, կարծում ենք, որ Հանրապետության գլխավոր հրապարակում ինչ-որ բան տեղադրելու հարցը պետք է ուղեկցվի լայն հանրային քննարկմամբ»:


Իհարկե, պետք չէ ամեն գնով արձան դնել, դա ինքնանպատակ չէ, հատկապես, որ վերջին տարիներին ականատես ենք լինում, թե ինչ աղետալի ու տգեղ լուծումների է հանգեցնում համատարած արձանամոլությունը: Մյուս կողմից, դժվար է կերտել ու տեղադրել այնպիսի ԿԵՐՊԱՐ, ԿՈԹՈՂ, որն անվերապահ ընդունվի հասարակության լայն շերտերի կողմից, որովհետև արվեստի ցանկացած դրսևորում հայեցողական ու նախասիրական մոտեցում ունի, տարբեր ճաշակների ու գաղափարախոսությունների ընկալման հարց է։ Թե ինչ կտա կոնկրետ այս թեմայով շարունակվող դիսկուրսը, պետք է համբերությամբ սպասել։

Ի դեպ, Արվեստը նաև անակնկալների ու պոռթկման արդյունք է, ոչ թե մենք ենք սպասելու ԱՐՁԱՆԻՆ, այլ ԱՐՁԱՆԸ միգուցե գտնի մեզ՝ հիմնավորելով իր գոյության իրավունքը ԵՐևԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ …

Similar Posts