նորություններ | Քաղաքականություն

Չվստահե՛լ պարտված դիվանագիտությանը, հատկապես՝ փաշինյանական

«Պատերազմում դիվանագիտությունը չի պարտվել, պարտվել է բանակը․․․»։ Այս անհեթեթության հեղինակը, որքան էլ աբսուրդ է, ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն է, որն իր այս տեսակետը հնչեցրել էր անցյալ տարվա դեկտեմբերին՝ ԱԺ-ում լրագրողների հետ շփման ժամանակ։ Ավելի՛ն, նա նշել էր նաև, որ պատմությունն ունի օրինակներ, երբ դիվանագիտությունը երկիրը դուրս է բերել ամենածանր իրավիճակներից։ «Խնդրում եմ հավատալ և վստահել հայ դիվանագիությանը»,-հայտարարել, ավելի ճիշտ աղերսել էր մեր արտաքին գերատեսչության ղեկավարը, որի խնդրանքն, ըստ էության, արդեն իսկ մատնում է սույն զառանցանքի օրաբավության և անհեռանկարայնության մասին։ Հետաքրքիր է, իսկ ի՞նչ է պատերազմը, ի՞նչ են պատերազմական սրտամաշ ու արյունալի օրերը, եթե ոչ ամենածանր, օրհասական դիպված որևէ ազգի ու պետության համար։ Ինչպես ասում էր Ագաթի Քրիստիի դետեկտիվի հերոսուհին, չպե՛տք է վստահել որևէ մեկի, իսկ ոմանց՝ հատկապես․․․

Արցախյան վերջին՝ օրացույցով 44-օրյա, իրականում՝ անժամկետ հակամարտության ծանր հետևանքները, ցավոք, այդպես էլ չսթափեցրին ներկայիս իշխանություններին և անձամբ դրանց ինքնահռչակ դիրիժոր ՀՀ վարչապետի աթոռին նստած Նիկոլ Փաշինյանին։

Պատերազմի ավարտից հետո, կապիտուլյացիայի խայտառակ ու դավաճանական ակտը ստորագրած հեղափոխական ընկեր Փանջունին (իմա՝ Նիկոլ Փաշինյանը) շարունակում է անդառնալի աղետի վերածել մեր հանրապետության տարածքը՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո նորանոր տարածքներ մատուցելով, նույնիսկ եթե այդ ամենի մասին ամրագրված չէ 2020 թ․ նոյեմբերի 9-10-ին վավերացված եռակողմ փաստաթղթում։ Սյունիքից ստացվող մտահոգիչ տեղեկություն-փաստերն, օրինակ, այս ամենի վառ ապացույցն են։

Բայց խոսել անցյալի ու ներկայի մասին, կնշանակի խոսել առնվազն պարտության մասին, այդ թվում՝ դիվանագիտական ու ռազմական։ Առավել լայնախոհ ու արդյունավետ լինելու համար, ազգային ու պետականաշեն առողջ նպատակադրումներ ունեցող, լուրջ ու բարձր նշաձող ունեցող գաղափարական ուղղությունների համար գերխնդիրը դեպի արժանապատիվ ապագա նայելն ու այդ նպատակին հասնելուն միտված պրոցեսներ գեներացնելն է։ Եվ ուրեմն, ըստ ժանրի կանոնների, իրականում որտե՞ղ և ինչո՞ւ է ձախողվել / ձախողվում/ մեր դիվանագիտական միտքը։ Սեպտեմբերյան պատերազմի առաջին իսկ օրերից Փաշինյանն ու իր հետևորդ զինվորացուները (пешка !!!), հրապարակ նետեցին թեզն այն մասին, թե արցախահայաստանյան ուժերը դիմակայում են եռաժանիք հրեշին՝ այն է՝ ադրբեջանաթուրքական-վարձկան թշնամուն։ Ճշմարտության հատիկ, ինչ խոսք, այս ամենում կա, բայց, ինչպես ասում են, մեդալի հակառակ կողմն էլ կա։ Եթե դիվանագիտությանը պետք էր ու պետք է վստահել, ինչու՞ հայկական կողմն իր դաշնակիցներին չապավինեց, ինչու՞ անտեսեց իր իրական ու ռազմավարական պարտնյորներին, զուգահեռաբար չօգտագործելով բնական ու դիվանագիտական ճանապարհով դաշնակիցներ, զորեղ կոալիցիաներ կազմավորելու հնարավորությունները։

Ռուսաստանի Դաշնությունը՝ պատկան տարբեր գերատեսչությունների մակարդակով, ինչպես նաև ՀԱՊԿ-ը, մինչև Արցախյան երկրորդ պատերազմի ավարտափուլը, պարբերաբար ազդարարում էին՝ Հայաստանն օգնության խնդրանքով չի դիմել, միաժամանակ դատապարտելով սիրիացի ու այլ երկրների ահաբեկիչ-վարձկանների ներգրավվումը ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից՝ ընդդեմ Արցախի ու համայն հայության։ Ավելի՛ն, բոլոր այս ուժային կենտրոնները գրեթե միաբերան ակնարկում էին Հայաստանին վճռական ու բեկումնային աջակցության մասին, եթե դրա արձանագրմամբ պահանջվող ընթացակարգով դիմեն ՀՀ իշխանությունները։ Բայց եղավ այն, ինչ եղավ, բայց չպետք է լիներ։ Խաղաղության մասին դիֆերամբներ ձոնող Փաշինյանը, ի վերջո, խաղաղություն մուրաց բոլորից, այդ թվում նրանցից, որոնք մինչև վերջ պատրաստ էին լինել իր ու իր ղեկավարած, բոլորի՛ս երկրի ու Արցախի կողքին․․․

Եկեք, խնդիրը դնենք ավելի լայն համատեքստում․ հասկանալու համար, թե, օրինակ, ինչո՞վ է պայմանավորված Մոսկվա-Բաքու-Անկարա-Մինսկ պետփոխհարաբերությունների կայուն ու սերտ գործակցությունը, բարիդրացիական փոխառնչությունները, հեռագնա ռազմավարական ծրագրերն ու այլ ձևառումները, պետք է պատասխանել մեկ տրիվիալ հարցի, իհարկե, առանց ավելորդ քաղաքական ու ազգային սենտիմենտի, առանց ժողովրդավարությանը մեզ վրա տղա բերելու: Ինչու՞ ՌԴ-ում, Ադրբեջանում, Թուրքիայում և Բելոռուսում, չնայած ներքին քաղաքացիական ընդվզումներին, հեղափոխություն տեղի չի ունենում: Պատասխանն ակներև է, հետխորհրդային բոլոր այն երկրներում, որտեղ փողոցից կառավարական օթյակներ տեղափոխված քաղգործակալներով, միամիտ պողոսպետրոսմարտիրոսներով ռեվոլյուցիա է տեղի ունեցել, նույն այդ պետություններն ունեցել և ունենում են տարածքային, մարդկային, տնտեսական, դեմոգրաֆիական, աշխարհաքաղաքական ու բազում այլ ահռելի կորուստներ (Մոլդովա, Ուկրաինա, Վրաստան, ցավի ի սիրտ՝ Հայաստան): Սա մեկ։

Երկրո՛րդ, այս ամբողջ ընթացքում հարկավոր էր ու դեռ պե՛տք է օգտագործել այսպես կոչված բնական դաշնակիցների ներուժը, որոնք հայտնի են իրենց հակաթուրքական քաղաքական դիրքորոշմամբ։ Կիպրոս, Հունաստան, արաբական աշխարհի մի շարք երկրներ, Եգիպտոս, Չինաստան, որը Թուրքիայի հետ ունի ույղուրների հետ կապված խնդիրը և այլն և այլն։ Ահա այս պետությունների ու գործող իրական ռազմավարական դաշնակիցների հետ կարելի է ու դեռ հնարավոր է ստեղծել համագործակցության լայն պլատֆորմ, որն առավել արդյունավետ ու նախընտրելի է, քան, օրինակ, Էմանյուել Մակրոնի՝ Ֆրանսիան Հայաստանի կողքին է բաժակաճառային ու դյուրանցիկ ֆրազը և նմանատիպ այլ անպտուղ արտահայտությունները ․․․

Այս ամենի համատեքստում հատկանշական է, որ ըստ միջազգային մասմեդիայի՝ մոտ օրերս Աթենքում «հակաթուրքական դաշինք կձևավորվի», ինչի շրջանակում, սպասվում է, որ Հունաստանի մայրաքաղաքում կհավաքվեն այդ երկրի վարչապետը, Ֆրանսիայի նախագահն ու մի շարք այլ երկրների առաջնորդներ։ Սա լուրջ ազդակ-ուղերձ է աշխարհին և Հայաստանին։ Հայտնի է նաև, որ Իրանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերի զորավարժությունները Հնդկական օվկիանոսում կմեկնարկեն փետրվարի 16-ին։ Ավելի վաղ, 2019 թվականի դեկտեմբերի վերջին Հնդկական օվկիանոսում և Օմանի ծոցում տեղի են ունեցել Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի համատեղ զորավարությունները:

Արա Ալոյան

Similar Posts