նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

Պատերազմի ելքը բացասաբար չի անդրադարձել հայ-ռուսական հարաբերությունների վրա. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի հետևանքով կնքված եռակողմ համաձայնությունները հիմնականում հաջողությամբ իրականացվում են: Այդ մասին նա ասել է ռուսական Аргументы и факты («Արգումենտի ի ֆակտի») թերթին տված հարցազրույցում: 

Լավրովը վստահ է, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ելքը բացասաբար չի անդրադարձել հայ-ռուսական հարաբերությունների վրա, և դրանք կշարունակեն զարգանալ փոխվստահության ոգով: «Ռուս-հայկական հարաբերությունները ստուգված են ժամանակով։ Ես կասկած չունեմ, որ նրանք կշարունակեն զարգանալ փոխվստահության, ռազմավարական գործընկերության և դաշնակցային փոխգործակցության ոգով»,- ասել է Լավրովը: 

Նրա խոսքով՝ Ռուսաստանը միշտ պատրաստ է նեցուկ լինել եղբայրական հայ ժողովրդին․ «Դրա վկայությունն են Ռուսաստանի, անձամբ նախագահ Պուտինի միջնորդական ջանքերը, որոնց շնորհիվ հաջողվել է հասնել Լեռնային Ղարաբաղում 2020-ի աշնանը ռազմական դիմակայության դադարեցմանը, գործարկել տարածաշրջանում իրադրության կարգավորման գործընթացը»: 

Այսօր, կարծում է Լավրովը, կարելի է ասել, որ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները, որոնք արձանագրվել են 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի իրենց հայտարարություններում, ընդհանուր առմամբ, հաջողությամբ իրականացվում են: 

«Դա վերաբերում է, մասնավորապես, հակամարտության հումանիտար և սոցիալ-տնտեսական հետևանքների վերացմանը, Հարավային Կովկասում տրանսպորտային ու տնտեսական կապերի ապաշրջափակմանը։ Ռուսական աջակցությունը բարձր են գնահատում հայ բարեկամները»,- պարզաբանել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը: 

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի ու Հայաստանի միջև հարաբերությունները չեն սահմանափակվում Լեռնային Ղարաբաղի խնդրով: «Մենք ունենք աննախադեպ ակտիվ և վստահելի քաղաքական երկխոսություն նաև այլ մակարդակներում։ Միայն այս տարի մեր ղեկավարները հանդիպել են երկու անգամ, բազմաթիվ հեռախոսազրույցներ են ունեցել։ Մայիսի սկզբին տեղի ունեցավ իմ այցը Երևան։ Իրականացվում է միջխորհրդարանական փոխգործակցություն»,- նկատել է նա։ 

Նրա խոսքով՝ կորոնավիրուսի համաճարակի հետևանքների հաղթահարման նպատակով Ռուսաստանը Հայաստան է մատակարարել մի քանի տասնյակ հազար «Սպուտնիկ V» պատվաստանյութ։ «Քննարկում ենք հետագա աջակցության հարցը։ Հաջողությամբ զարգացնում ենք կապերը առևտրի և տնտեսության ոլորտներում, ինչին նպաստում են տնտեսական համագործակցության ռուս-հայկական միջկառավարական հանձնաժողովի համանախագահների պարբերական հանդիպումները»,- ասել է նա։

Similar Posts