նորություններ | Քաղաքականություն

«Պարտությունը ծրագրված էր»․ Ռոբերտ Քոչարյանը քննադատել է իշխանություններին

Երևանում այսօր կայացել է ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը։ Նա պատասխանել է Հայաստանում ընթացիկ ներքաղաքական զարգացումները լուսաբանող ռուսաստանցի լրագրողների հարցերին։ 

Մամուլի ասուլիսին մասնակցել են  դաշնային և լայն մասսայականություն վայելող այլ ռուսական հեռուստաալիքներ, մասնավորապես՝ Առաջին ալիքը, «Ռոսիա» հեռուստաալիքը, ՆՏՎ-ն, «ՌԵՆ ԹիՎԻ»-ն, ՌԲԿ-ն, «Դոժդը», ինչպես նաև Ռուսաստանի մի շարք խոշորագույն լրատվական գործակալությունները, այնպիսիք, ինչպիսիք են Russia Today-ը, «Սպուտնիկը», ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը,  «Ռիա Նովոստին»։

«Լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ Ղարաբաղյան 44–օրյա պատերազմում պարտությունը ծրագրված էր Հայաստանի իշխանությունների կողմից»։ «Սպուտնիկ Արմենիա»-ի փոխանցմամբ, ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է Արցախի առաջին նախագահ,  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ 

«Ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ առավել ևս պատերազմից հետո, շատ լուրջ կասկածներ հայտնվեցին իշխանությունների և անձամբ վարչապետի գործողությունների վերաբերյալ։ Կասկածներ հայտնվեցին իմ, երկու գեներալ-գնդապետի, երրորդ նախագահի և մարդկանց այլ խմբերի մոտ»,–ասել է Ռոբերտ  Քոչարյանը։

Նրա խոսքով ՝ առաջացած ոչ մի հարցի վերաբերյալ խելքին մոտ որևէ բացատրություն չկա։

«Նորմալ չէ, երբ իշխանությունը չի կարող խելամիտ որևէ բացատրություն տալ։

Օրինակ` ինչո՞ւ պատերազմի 3-րդ օրը կանգնեցվեց համատարած զորահավաքը, որը զինված ուժերի համալրում էր ենթադրում։ Ինչո՞ւ վարչապետը հոկտեմբերի 19-ին չընդունեց Վլադիմիր Պուտինի առաջարկը ՝ պատերազմի 4-րդ օրն իսկ իմանալով, որ պարտվելու ենք պատերազմում (ինչպես զեկուզել էին գլխավոր շտաբից)»,–հարցեր է հնչեցրել ՀՀ երկորրդ նախագահը։

Նա նշել է, որ դրանք հանցագործության մասին հաղորդումներ են, որոնցով պետք է զբաղվեն քննչական մարմինները։ Այս հարցերի առնչությամբ պատասխանների բացակայությունը կարող է ցանկացած ենթադրության տեղիք տալ։

«Լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ այդ պարտությունը ծրագրված էր»,–նշել է նա։ Ռոբերտ Քոչարյանը չի հասկանում, թե ինչու են պատերազմից առաջ շատ փորձառու գեներալներ պաշտոնանկ արվել։

Միաժամանակ, Քոչարյանը հայտարարել է, որ չի պատրաստվում իր կուսակցությունը ստեղծել։

«Ես չեմ ընկալվում որպես կուսակցական առաջնորդ։  Հավանաբար ես չեմ ստեղծի քաղաքական կուսակցություն, չնայած չեմ բացառում այդ տարբերակը։ Երևի կլինեն քաղաքական կուսակցություններ, որոնք կհամագործակցեն ինձ հետ հավանական ընտրությունների ժամանակ»,-ասել է նա։

Անդրադառնալով ընդդիմության՝ այս օրերին ընթացող բողոքի ակցիաներին, նա իր կողմնակիցներին կոչ արեց մասնակցել դրանց։   

Similar Posts