նորություններ | Քաղաքականություն

Պետական «բարդակ» Օնիկ Գասպարյանի շուրջ․վարչապետն ազատում է, նախագահը՝ դիմում ՍԴ

Նիկոլ Փաշինյանը ստորագրել է հայտարարություն՝ Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին։ 

Կառավարության պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ ասված է. 

«Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթներով՝ վարչապետի կողմից 2021թ. փետրվարի 25-ին Հանրապետության նախագահին էր ներկայացվել առաջարկություն՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու վերաբերյալ՝ կցելով համապատասխան հրամանագրի նախագիծը: 

2021թ. փետրվարի 27-ին վարչապետի աշխատակազմ են մուտք եղել Հանրապետության նախագահի առարկությունները վերոնշյալ նախագծի վերաբերյալ:  Նախագահի կողմից ներկայացված առարկությունները վարչապետի կողմից չեն ընդունվել, ինչի մասին 2021թ. փետրվարի 28-ին գրություն է ուղարկվել Հանրապետության նախագահին՝ համապատասխան հիմնավորումներով: 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներում Հանրապետության նախագահը չի ստորագրել վարչապետի կողմից ներկայացված նախագիծը և չի դիմել Սահմանադրական դատարան, հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 6-րդ մասը և նույն օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը` 2021թ. մարտի 10-ից ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից:  Ստորագրված հայտարարությունը»։ 

Հիշեցնենք, որ ԶՈւ ԳՇ-ն տարածել էր հայտարարություն՝ պահանջելով Փաշինյանի ու կառավարության հրաժարականը։ Դրանից հետո վարչապետը դիմել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ Գասպարյանին պաշտոնից ազատելու միջնորդությամբ։ Նախագահը, սակայն, ետ էր ուղարկել միջնորդությունը՝ այդ որոշման սահմանադրականության հետ կապված առարկություններով։ Փաշինյանը կրկին դիմել էր նախագահին՝ վերանայելու դիրքորոշումն ու, ի վերջո, ստորագրելու ԳՇ պետի ազատման միջնորդությունը։

Հարցը դարձել է ներքաղաքական լուրջ քննարկումների թեմա․ Նիկոլ Փաշինյանը ԶՈՒ հայտարարությունը համարում է ռազմական հեղաշրջման փորձ (նույնպիսի բնորոշում տվել է նաև Էրդողանը), իսկ վարչապետի ընդդիմախոսները Օնիկ Գասպարյանի քայլը համարում են ազնիվ ու արժանապատիվ կեցվածք, որն, ի դեպ, սատարում են ոչ միայն քաղաքական ու հանրային շրջանակները, այլև բանակի, ոստիկանության բազմաթիվ բարձրաստիճան սպաներ։

Հատկանշական է, որ այսօր՝ Մարտի 10-ին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է Սահմանադրական դատարան` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: 

Դիմումի ներկայացումը, ըստ նախագահի, պայմանավորված է նաև նշված օրենքի իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրներով, որոնք առավել ակնհայտ դարձան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վարչապետի նախաձեռնության և դրան հաջորդած սահմանադրական իրավական գործընթացների արդյունքում:

Similar Posts