նորություններ | Իրադարձություններ | Քաղաքականություն

Ռազմական ասպեկտները փակ են․ պետք է կանխել պատմական և կրոնական ժառանգության չարաշահումը․ Ի՞նչ է ասել Լավրովը Ալիևին

«Մենք լիովին հավատարիմ ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագրերի իրականացմանը՝ համաձայն երեք երկրների ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ին և այս տարվա հունվարի 11-ին Մոսկվայում կայացած հայտարարություններին։ Ռուսաստանի խաղաղապահ զորամիավորումն իրականացնում է այն խնդիրները, որոնք դուք պայմանավորվել եք Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարության հետ այս շփումների ընթացքում:

Մենք շնորհակալ ենք մեր խաղաղապահների դերի բարձր գնահատման համար: Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի բոլորը ելնեն նրանից, որ ռազմական ասպեկտները փակ են: Այժմ մենք պետք է զբաղվենք «տեղում» դետալներով, դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերով: Ամեն ինչ հեշտ չէ,  բայց լուծելի է: Դիվանագետների մասնակցությամբ ռազմական փորձագետները կարող են համաձայնության գալ փոխընդունելի լուծումների շուրջ»։

Այս մասին, panorama.am-ի փոխանցմամբ, հայտարարել է այցով Բաքվում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։

Լավրովը նշել է, որ գործում է Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնը, «Ռուսաստանի ԱԻՆ-ը՝ Ադրբեջանից իր գործընկերների հետ օգնում է լուծել հումանիտար խնդիրները, վերականգնում բնակարանային պայմանները, տրանսպորտային ենթակառուցվածքները»:

«Գործընթացը շարունակվում է, մարդիկ պետք է «տեղում» իրական բարելավումներ զգան: Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերը, երեք երկրների ղեկավարների կողմից ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում, պարբերաբար հանդիպում են և քննարկում գործնական ասպեկտները՝ կապված պետությունների ղեկավարների՝ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համաձայնագրի հետ»,-ասել է Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարի խոսքերով, եթե հաշվի առնվի Հարավային Կովկասի բոլոր պետությունների և նրանց հարևանների շահերը հավասարակշռելու անհրաժեշտությունը, իսկ սա պոտենցիալ լուրջ տրանսպորտային հանգույց է,  տարածաշրջանից վեր, կասկած չկա, որ «մենք այսօր կարող ենք էապես ամրապնդել մեր ընդհանուր դիրքերը համաշխարհային տնտեսություն և մատակարարման շղթայում»:

«Մենք անկեղծորեն շահագրգռված ենք Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմամբ: Կարծում ենք, որ ձգձգված հակամարտության հաղթահարման տնտեսական ասպեկտների վրա կենտրոնանալու համատեղ աշխատանքը ստեղծում է դրա օպտիմալ շրջանակ: Մենք ուզում ենք օգնել լուծել պատերազմի հումանիտար հետևանքներին վերաբերող խնդիրները առավել կառուցողական կերպով. ռազմագերիներ, պատմական և կրոնական ժառանգության չարաշահման կանխում:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որպես միջազգային մշակութային ժառանգության պահպանման համար պատասխանատու կազմակերպություն, հետաքրքրված է  մասնակցել այդ ջանքերին: Մենք պատրաստ ենք օգնելու ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք դա հնարավոր կդարձնեն: Կան այլ միջազգային կազմակերպություններ, որոնք պատրաստ են օգնել: Այս առումով պայմանավորվածությունները պետք է հաշվի առնեն նաև շահագրգիռ կողմերի դիրքորոշումը»,-ասել է Լավրովը:

Similar Posts