նորություններ | Քաղաքականություն

Սյունիքի նախկին մարզպետը կուսակցություն է հիմնել և պահանջում է Փաշինյանի հրաժարականը

Ես ու թիմակիցներս ստեղծել ենք «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը, այսօր մեր երկրին անհրաժեշտ է այդ վերածնունդը: Այս մասին «5-րդ ալիք» ՀԸ եթերում հայտարարել է Սյունիքի նախկին մարզպետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ Վահե Հակոբյանը:

«Հիմնվելու ենք Սյունիքի վրա, բայց ունենք շատ համակիրներ ամբողջ Հայաստանով մեկ, ու մենք հստակ գիտենք՝ ինչ ենք ուզում, և հստակ տեսնում ենք ճանապարհը՝ ինչպես ենք գնալու՝ այս երկիրը վերակառուցելու: Համար մեկ օրակարգը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է:

Մենք այսօր աջակցում ենք բոլոր այն ուժերին, անհատներին, կառույցներին, որոնց օրակարգում Նիկոլ Փաշինյանի րոպե առաջ հեռացումն է»,- ասել է Հակոբյանը։

Նախկին մարզպետի կարծիքով, Փաշինյանի հեռացման համար պետք է մեծացնել հանրային ճնշումը, նաև տեղեկացրել, որ մոտ ապագայում կլինի մամուլի ասուլիս, որի ընթացքում առավել մանրամասն կներկայացնեն կուսակցության աշխատանքները:

Հակոբյանն անդրադարձել է քաղաքական զարգացումներին, Օնիկ Գասպարյանի՝ ԳՇ պետի պաշտոնից ազատմանն ու այդ պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու միջնորդությանը՝ նշելով, որ երկրում զավեշտալի իրավիճակ է ստեղծվել:

«Ես ողջունում եմ ԶՈւ հայտարարությունը: Իմ կարծիքով՝ կատարվողը Նիկոլի ու իր շքախմբի կողմից  հերթական փորձն էր՝ պատերազմում պարտության պատասխանատվությունը դնել բանակի վրա, ինչը չստացվեց:

Ինձ մոտ համոզմունք կա, որ Նիկոլ Փաշինյանը ոչ ադեկվատ անձնավորություն է, եթե նա մտածելու մի փոքր ունակություն ունենար, պատերազմից հետո պետք է հրաժարական տար, բայց կառչում է փրփուրներից»,-նշել է նա:

Անդրադառնալով Սյունիքում տիրող իրավիճակին՝  Վահե Հակոբյանը հայտարարել է, թե ադրբեջանցիներն այնտեղ իրենց հարմար տարբերակով իրականացրել են դեմարկացիա և անցել են ինժեներական աշխատանքների, մինչդեռ հայկական կողմից ոչինչ չի կատարվում: Հ

ակոբյանի խոսքով՝ իշխանությունից աջակցություն չեն ստանում նաև իրենց տները կորցրած շուռնուխցիները:

«Սյունիքից այսօր բացակայում են իշխանությունները»,-շեշտել է նա։

Similar Posts